կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 12:00
Հասարակություն

Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Շիրակում երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած և «Գյումրի» ԲԿ տեղափոխված 7 անձանցից և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բոլորներն էլ կապաքինվեն: Այս մասին Yerkir.am-ին ասաց «Գյումրի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը:

 

Նա հայտնեց, որ 14-ամյա Էդմոն Սիմոնյանի վերաբերյալ որոշել են, որ հետագա բուժումը պետք է ստանա մանկական մասնագիտացված կլինիկայում, և տղան տեղափոխվել է Երևանի «Սբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ կվիրահատեն, բայց` ոչ բաց եղանակով:  Էդմոնի մորը` Զարուհի Հովհաննիսյանին, վիրահատելու են այսօր` հենց «Գյումրի» ԲԿ-ում:

 

Հասմիկ Հովհաննիսյանին նույնպես տեղափոխել են Երևան` այրվածքաբանության կենտրոն: Ա. Իսահակյանի խոսքով` նա իրենց կենտրոնի նեյրովիրաբույժի կինն է, երեխաներն էլ Երևանում են ապրում, այդ իսկ պատճառով որոշել են հետագա բուժումն այստեղ շարունակել:

 

Երկու տուժած տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից:

 

Նշենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում. մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «ԳԱԶելը» պայթել է։ «ԳԱԶելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: «ԿամԱԶ»-ի վարորդ Մանվել Վարդանյանը ձերբակալված է