Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին հարց ուղղեց «Որոտան»-ի վերաբերյալ:
«2015թ. բյուջետային հատկացումներում տող կա` «Գերմանիայի զարգացման բանկի աջակցման ծրագրով Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրի վերականգնման ծրագիր»: 2014թ. 1,3 միլիարդ դրամ է հատկացվել, ևս 323 միլիոն դրամ պետք է հատկացվի 2015-ին: Հայտնի է, որ կառավարությունը որոշեց վաճառել համալիրը: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին, և ի՞նչ կապ ունի պետությունը, պետական բյուջեն այս գումարների հետ, և արդյո՞ք բյուջեն է պարտավորություն կրում կառավարության կողմից վաճառված «Որոտանի» վարկերի համար»,- հարցրեց պատգամավորը:
Նրա երկրորդ հարցը վերաբերում էր Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսված էներգախնայողության դրամաշնորհային ծրագրերին: Պատգամավորը նշեց, որ 2014-ին 482 մլն դրամի փոխարեն այս տարի 321 մլն հատկացում է նախատեսված այդ ծրագրերին:
«Բացատրեք, թե ի՞նչ էներգախնայողության ծրագրեր են դրանք, եթե խորհրդատվության համար հատկացվում է մոտ 20 մլն դրամ գումար: Կարևոր է, որ այստեղ մանրամասն ներկայացնեք որակական ցուցանիշներ, որպեսզի Ազգային ժողովն էլ կարողանա գնահատել արդյունքները»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը նշեց, որ «Որոտանի» վաճառքի գործարքն ամբողջությամբ չի ավարտվել, բայց շատ մոտ է դրան, որովհետև ընթանում են քննարկումներ կառավարության և գնորդի միջև` տեխնիկական և սակագնային քաղաքականության հետ կապված:
«Առաջիկա ամենամոտ ժամկետներում գործարքն ավարտվելու է, և քանի դեռ վերջնական որոշում չկա` այդ գործարքի հետ կապված, բայց կա Հայաստանի ու Գերմանիայի կառավարությունների միջև «Որոտանի» վերազինման վարկային ծրագիրը, ապա գործարքից հետո անպայման քննարկումներ կգնան Գերմանիայի կառավարության հետ այդ ծրագրի հետագա շարունակման ուղղությամբ: Այսինքն` դեռևս հայտնի չէ, թե նոր ներդրողը վերազինումը կիրականացնի սեփական միջոցների հաշվի՞ն, թե կիրականացնի արդեն իսկ տրամադրված միջոցներով: «Որոտանը» լուրջ ներդրումների կարիք ունի, և դրա համար այս միջոցները հարմար պայմաններից մեկն են, և չպետք է բացառել, որ նոր ներդրողը կցանկանա այդ միջոցներն օգտագործել»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է էներգախնայողության ծրագրերին և դրանցով նախատեսված խորհրդատվությանը տրամադրված միջոցներին, Արա Սիմոնյանը նշեց, որ այդ ծրագրերն ուղղված են պետական և հանրային, սոցիալական, ուսումնական հիմնարկներում էներգախնայողությանը: Տրամադրվում են արտոնյալ պայմաններով միջոցներ, հետագայում տնտեսումների հաշվին միջոցները վերադարձվում են:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ փաստաթղթում չեն երևում փոխնախարարի ներկայացրած որակական ցուցանիշները:
«Որոտանի» հետ կապված` պատգամավորը արձագանքեց, որ եթե պետությունը հարկային պարտավորություն է վերցրել իր վրա, և պետք է պետբյուջեն վճարի դրա դիմաց, ստացվում է, որ նաև էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված նվազեցումներ պետք է լինեն:
Արա Սիմոնյանը կրկին շեշտեց, որ բոլոր վարկային ծրագրերը, որոնք ներառված են բյուջեում, դրանցով վարկային միջոցների վերադարձը հստակ ժամանակացույցով նախատեսված է, և որ բյուջեի վրա որևէ հարկային բեռ այս ծրագրերը չեն ավելացնելու: