կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-31 12:01
Քաղաքական

«Շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել նախկին նախարար ու կնոջը դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել»

«Շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել նախկին նախարար ու կնոջը դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել»

ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հղիներին տրվող գումարի չափի վերաբերյալ:



«Նախորդ կառավարության ժամանակ ԲՀԿ-ն առաջարկ էր ներկայացրել` հղիներին տրվող գումարի հետ կապված, որպեսզի այդ նպաստը տրվի նաև չաշխատող մայրերին: Այդ ժամանակ մեր նախաձեռնությունը որակվեց պոպուլիզմ: Ես ուրախ եմ, որ այս կառավարության գնահատականները պոպուլիզմի վերաբերյալ փոփոխվել են: Ես պաշտպանում եմ բոլոր այն կանանց, որ դուրս են եկել՝ իրենց իրավունքները պաշտպանելու, բայց պետք է լինենք անկեղծ ու հասկանանք, որ այստեղ նաև լրջագույն խնդիր կա»,- ասաց պատգամավորը:



Նա բերեց ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջ օրինակը, որին այսօր անդրադարձել էր մամուլը: Նշենք, որ, ըստ այդ հրապարակման, ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի եւ, որպես հղիության եւ ծննդաբերության նպաստ, ստացել 20 մլն դրամ:


«Շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել ֆինանսների նախկին նախարար ու իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել: Շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել արտոնյալ ու գործարքների մեջ մտնել գործատուների հետ՝ վերջին մեկ տարում բարձր աշխատավարձի գնալու ու անտրամաբանական հոնորար ստանալու համար»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ չաշխատող մայրերի հղիության և ծննդաբերության նպաստի կապակցությամբ որևէ փոփոխություն չի եղել մոտեցումներում, խնդիրը մի քանի տարի շարունակ քննարկվել է, և բոլոր քաղաքական ուժերն այդ ուղղությամբ իրենց մտահոգությունը միշտ հայտնել են:

 

«Վերջին տարիներին ներկայացրած նախաձեռնությունների վերաբերյալ մեր կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ դա ենթադրում է լրացուցիչ շուրջ 15-16 միլիարդ դրամ տարեկան, որ մինչև երկու տարեկան խնամող բոլոր մայրերին տրամադրվեն այդ նպաստները, և հիմնական խնդիրը դա է եղել, քանի որ հնարավորություն չի եղել»,- ասաց նախարարը: