կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 12:18
Իրավական

«Առևանգված» մեքենայի գործը քննող քննիչն ու գործով անցնող քննիչը` ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում

«Առևանգված» մեքենայի գործը քննող քննիչն ու գործով անցնող քննիչը` ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում

Շաբաթներ առաջ հայտնաբերված` ԲՄՎ 545 մակնիշի ավտոմեքենայի «առևանգման» գործով անցնող Վարդան Հարությունյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածի` ինքնաիրավչության հատկանիշներով: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

 

Հիշեցնենք, որ ձերբակալման օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 178 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի խարդախությունը), և սպասվում էր, որ նրան կկալանավորեն, սակայն մեղադրանքը փոխվեց, եւ այդ  պայմաններում նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք նաև, որ մեքենայի հայտնաբերումից հետո գործով քննիչը փոխվել է: Այժմ գործը գտնվում է Մալաթիայի բաժնի քննիչ Արամայիս Սահակյանի վարույթում:

 

Հետաքրքրական է, որ նախաքննական մարմինը մեղադրանքի փոխման մասին տուժող Արման Եղիազարյանին տեղյակ չի պահել: Ավելին` նրա փաստաբանը` Սուսաննա Սարգսյանը, երբ այցելել է ոստիկանության Մալաթիայի բաժին` ստանալու Արման Եղիազարյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու և նրան գործով տուժող ճանաչելու մասին որոշումները, անակնկալի է եկել, քանի որ երկու որոշումներում նշված է եղել, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

 

Այս հանգամանքը կասկածի տեղիք է տվել: Ի դեպ, Եղիազարյանը և նրա փաստաբանը այլ աղբյուրներից տեղեկացված են եղել մեղադրանքի փոխման մասին: Փաստաբանն այդ հանգամանքը ճշտելու նպատակով զանգահարել է քննիչ Սահակյանին, վերջինս էլ խոստովանել է, որ մեղադրանքը փոխվել է, սակայն նշել է, որ չի կարող այլ տեղեկություններ հայտնել, և որ մեղադրանքի փոխման մասին ավելի ստույգ կիմանան նախաքննության ավարտին:

 

Նշենք, որ սրանով խախտվում է տուժողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված իրավունքները, քանի որ,  կապված մեղադրանքի փոփոխության հետ, տուժողն իրավունք ունի նաև վերադասության կարգով բողոքարկելու նշված որոշման դեմ:

 

Արման Եղիազարյանն այս փաստի առթիվ դիմել է Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով իրավական գնահատական տալ քննիչի գործողություններին:

 

Նշենք, որ Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքը` ինքնիրավչությունը (ՀՀ ՔՕ 322-րդ հոդված)` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին:

 

Սակայն նշենք, որ, ըստ Հարությունյանի` առերես հարցաքննության, նա  մեքենան շահագործել է, վրան գումարներ ծախսել, ավելին` տուժողը մեղադրյալի հետ որևէ ֆինանսական հարաբերություն չի ունեցել, այսինքն` գումար պարտք չի եղել, որ Վ.Հարությունյանն էլ իր ենթադրյալ իրավունքներն իրականացներ: Այսինքն` Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքն իսկապես կասկածի տեղիք է տալիս:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքով նախատեսված է  պատիժ ընդամենը  տուգանքի տեսքով կամ վատագույն դեպքում կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, իսկ նախկին` ՀՀ ՔՕ 178 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված է ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով, ամեն ինչ պարզ է դառնում:

 

Հիշենցնենք, որ այս գործի շրջանակներում անցնում է նաև Մալաթիայի բաժնի քննիչ Սուրեն Նավոյանը, որի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և քննություն է ընթանում:

 

Փաստորեն, եթե ՀՔԾ-ն ուսումնասիրի Եղիազարյանի դիմումը և դրան ընթացք տա, Սուրեն Նավոյանն այս գործի շրջանակներում ՀՔԾ-ում «մենակ չի լինի»: Հուսանք, գոնե այս հանգամանքը նրան կհանի ավելորդ լարվածությունից, և նա «ստիպված չի լինի» էմոցիաները բարդել ուրիշների, մանավանդ` լրագրողների վրա:

 

Ստորև ներկայացնում ենք գործը քննող առաջին քննիչ Կարապետյանի` Արման Եղիազարյանին որպես տուժող ճանաչելու մասին որոշումը: