կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-15 17:06
Հասարակություն

Քաջարանում աղիքային վարակի պատճառը ջրի` միամոմենտ աղտոտումն է

Քաջարանում աղիքային վարակի պատճառը ջրի` միամոմենտ աղտոտումն է

Դեռեւս սեպտեմբեր ամսին տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքում աղիքային հիվանդություն է տարածվել, որի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 մարդ: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները սեպտեմբերի 8-ին և 9-ին կատարել են համայցեր, և նախնական տվյալների համաձայն` ինֆեկցիան պայմանավորված չի եղել ջրի գործոնով:

 

Սակայն yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ սեպտեմբերի 6-11-ն ընկած ժամանակահատվածում Քաջարանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության 17 դեպք, որոնցից 2-ը` 0-14 տարեկանների շրջանում:

 

Բոլոր հոսպիտալացված հիվանդները սեպտեմբերի 12-19-ը դուրս են գրվել հիվանդանոցից առողջացումով՝ սուր էնտերոկոլիտ ախտորոշումով: Բոլոր հիվանդների օջախներում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ (զուգակցելով լաբորատոր հետազոտություններով) և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:

 

Վարակի առաջացման և տարածման պատճառները և պայմանները բացահայտելու նպատակով իրականացվել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրություն:

 

«Համաճարակաբանական օրինաչափությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հիվանդության դեպքերի հիմնական մասը արձանագրվել են Քաջարան քաղաքի մեկ հատվածում: Դեպքերի արձանագրման համաճարակային կորը վերլուծելիս՝ եզրակացնում ենք, որ հիվանդության դեպքերի, որոնք արձանագրվել են սեպտեմբերի 6-11-ը, հիմնական մասն հիվանդացել է գրեթե միաժամանակ՝ սեպտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Չնայած, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել՝ համաճարակաբանական օրինաչափությունները փաստում են, որ Քաջարան քաղաքի բնակիչների շրջանում աղիքային վարակիչ հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ խմելու ջրի միամոմենտ աղտոտումը»,- տեղեկացնում են ԱՆ-ից` հավելելով, որ  դրա վկայությունն է նաև այն փաստը, որ սեպտեմբերի 8-ից հետո, ջրում մնացորդային քլորի բարձր խտության առկայության պայմաններում, միանգամից դադարել է նոր դեպքերի առաջացումը: