կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 18:41
Իրավական

ԱԱԾ-ն անելանելի դրության մեջ է հայտնվել՝ «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների գործով

ԱԱԾ-ն անելանելի դրության մեջ է հայտնվել՝ «ԱրմենՏել»-ի  բարձրաստիճան պաշտոնյաների գործով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ ԱԱԾ-ի դեմ բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը և գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության:

 

Նշենք, որ ԱԱԾ-ն հրաժարվել էր Տիգրան Աթանեսյանին «ԱրմենՏելի» բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով որպես պաշտպան ներգրավել: Աթանեսյանը պետք է ստանձներ «ԱրմենՏելի» ֆինանսական մեքենայությունների մեջ կասկածվող ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի պաշտպանությունը:

 

Պաշտպանը նախաքննական մարմնին էր տրամադրել Կլիմկոյից ստացած և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը, որը փաստում է, որ Կլիմկոն է լիազորել Աթանեսյանին՝ ներկայացնել իր շահերը: Սակայն, ի զարմանս պաշտպանի, ԱԱԾ-ն մերժել էր նրա միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պետք է ստուգվի` արդյո՞ք Կլիմկոն իր կամքով է ընտրել Աթանեսյանին, թե՞ ոչ: ԱԱԾ-ի որոշումը փաստաբանը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա դատարան, սակայն մերժվել էր: Փաստաբանն այժմ սպասում է բողոքի վերաբերյալ՝ առաջին ատյանի նոր քննությանը:

 

Աթանեսյանի խոսքով՝ իրեն գործում չներգրավելը որևէ իրավական հիմք չունի: «Մենք ունեն հստակ դատական նախադեպեր, և չեն կարող ինձ չներգրավել»,- նշեց նա:

 

Անդրադառնալով բուն գործին՝ փաստաբանը նշեց, որ Կլիմկոյին անհիմն մեղադրանքներ են առաջադրել: «Նրա դեմ ոչ մի ապացույց չունեն, ինչ էլ ունեն, ինչ-որ անձանց ենթադրություներ են և չեն կարող հիմք հանդիսանալ»,- ասաց նա:

 

Նշենք, որ, ըստ մեղադրանքի,  Կլիմկոն գործել է Ալեքսանդր Զուբովի կողմից կազմակերպված կայուն խմբի կազմում։ Դերաբաշխման համաձայն` Իգոր Կլիմկոյին իբր վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների համար կապուղիներ ստեղծելը, դրանց աշխատանքն ապահովելը: Փաստաբանի խոսքով՝ Կլիմկոն Զուբովի հետ անձամբ առնչություն չի ունեցել:

 

Նշենք, որ մինչ այժմ մեզ հայտնի դարձած տեղեկատվության համաձայն՝ «ԱրմենՏելի» պաշտոնյաներից Աշոտ Պողոսյանի վերաբերյալ գործը քննվում է դատարանում, Վլադիմիր Սաչկովի մասով նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, իսկ Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

 

Այս գործով, կարելի է ասել, առաջին հայացքից զավեշտալի, իսկ ԱԱԾ-ի համար՝ անելանելի իրավիճակ է ստեղծվել: ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել մի անձի նկատամբ, ով ՌԴ քաղաքացի է, և համաձայն ՌԴ Սահմանադրության`  չի կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում ՝ Հայաստանին: Ճիշտ է, ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, սակայն Կլիմկոն այժմ գտնվում է ՀՀ տարածքից դուրս: Ավելի կոնկրետ` իր հայրենիքում՝ ՌԴ-ում: Եվ չնայած նրա նկատմամբ հայտարարված հետախուզմանը՝ Կլիմկոն ազատ շրջում է ոչ միայն իր, այլև այլ երկրներում, պարբերաբար լուսանկարներ հրապարակում Facebook սոցիալական ցանցի իր էջում:

 

Այսինքն` ԱԱԾ-ին մնում է ընդամենը Կլիմկոյի մասով գործի նյութերը հանձնել ՌԴ իրավապահներին: Իսկ նման պարագայում ենթադրվում է, որ այնտեղ շատ արագ գործի վարույթը կկարճվի, և Կլիմկոյի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, որովհետև ՌԴ-ն դժվար թե ցանկանա Հայաստանում կատարված «ինչ-որ հանցագործության» համար, մեկ կամ լավագույն դեպքում մի քանի անձանց ցուցմունքների հիման վրա, իր երկրի քաղաքացուն տարիներով դատել: Իսկ այդ գործով, ըստ մեզ հասած տեղեկությունների, ծանրակշիռ ապացույցներ գրեթե չկան. ասում են` ենթադրյալ հանցագործները «գործը մաքուր են արել»:

 

Մնում է միայն փաստել, որ մեր երկրի իրավապահ մարմինները՝ ի դեմս ԱԱԾ-ի, ոչ միայն օրենսդրորեն, այլև փաստացի չունեն լծակներ`  Հայաստանում կատարված հանցագործության և պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեջ կասկածվող անձին մեր երկրի օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Կամ էլ գուցե ԱԱԾ-ում սպասում են, որպեսզի ՌԴ քաղաքացին, ի վերջո, գիտակցի կատարած «հանցանքն» ու ներկայանա ԱԱԾ, և նրան՝ իր երբեմնի գործընկերոջ՝ Սաչկովի օրինակով զրկեն ազատությունից՝ փակելով ԱԱԾ նկուղում:

 

Ի դեպ, Սաչկովն էլ «կփրկվեր» քրեական պատասխանատվությունից, եթե ժամանակին չփորձեր մեկնել Բելառուս:

 

Հիշեցնենք, որ Սաչկովը ձերբակալվել է 2014-ի մայիսին Ռուսաստանից Բելառուս վերադառնալու ճանապարհին: Նրան Հայաստանին արտահանձնելու խնդրանքով ՀՀ դատախազությունը դիմել էր Բելառուսի համապատասխան մարմնին: Միջնորդությունը բավարարվել էր, և Սաչկովին արտահանձնել էին Հայաստանին: Նա պահվում է ՀՀ ԱՆ «Կենտրոն» ՔԿՀ-ում, այսպես ասած՝ ԱԱԾ նկուղում: