Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում եմ: Հարմոնիայի ուսուցչուհու` 95-ամյա Մարիամ Տոնոյանի հետ իջնում ենք դատարկ դասարաններից մեկը` մի փոքր զրուցելու: Հաշվի առնելով տիկնոջ տարիքը` քայլերս դանդաղեցնում եմ, մեկ էլ հանկարծ տիկին Տոնոյանը, թե` «աղջի'կս, կոշիկներդ ցավեցնո՞ւմ են»…
Տիկին Տոնոյանն առաջին անգամ դպրոց է մտել` դասավանդելու, 18 տարեկանում: Հիշում է` շատերը, հատկապես` տարիքով մանկավարժները, թերահավատությամբ էին մոտենում այդ փաստին, բողոքում, թե` «էս երեխուն ո՞ւր եք ուղարկել` դասավանդելու»: Սակայն դպրոց մտնելու առաջին իսկ օրը դեռ կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանող Մարիամ Տոնոյանը, աշակերտների` իրեն սևեռված փայլող աչքերը տեսնելով, հասկացել է` մանկավարժությունն այն է, ինչ փնտրել է:
Տոնոյանը Չայկովսկու դպրոցում աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից, արդեն քանի-քանի սերունդներ է ճանապարհել, հաշիվն էլ է կորցրել:
«Ինձ մոտ շատերն են սովորել` կոնսերվատորիայի ռեկտորից սկսած` Զոյա Պետրոսյանը /ջութակահարուհի/, Մեդեա Աբրահամյանը /թավջութակահարուհի/, հետո արդեն` Էդվարդ Թադևոսյանը, Մարտին Վարդազարյանը, Ռուբեն Ահարոնյանը, Մելիք Մավիսակալյանը, հետո` նրանց երեխաներն ու թոռները: Ես նաև երկու աղջիկներիս ուսուցչուհին եմ եղել: Դրանից դժվար բան չկար: Որպեսզի երեխաները չմտածեն, թե ես տանը կանխավ ասել եմ` ինչ սովորեն, ես մյուս աշակերտներին էին ասում, որ հարցեր տան աղջիկներիս»,- ասում է տիկին Տոնոյանը ու հավելում` մանկավարժը մանկավարժ է նաև տանը: «Հիմա մի քիչ, շատ քիչ զղջում եմ, որ այդքան խիստ եմ եղել: Երեխաներս էլ ինձ պախարակում են, որ ես նրանց այնպես չեմ դաստիարակել, ինչպես պետք է, քանի որ ես նրանց դաստիարակել եմ այն օրենքներով, որոնք հիմա, դժբախտաբար, չեն գործում»,- ասում է նա:
Տոնոյանը 3 երեխա ունի` 7 թոռ ու 9 ծոռ, ասում է` «կյանքս իզուր չի անցել»… Սակայն շատ բան է փոխվել` ժամանակները, նաև` սերունդը, մարդկային հարաբերությունները: 75 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժը նշում է` ինչ-որ բան էն չէ:
Տոնոյանի ամուսինը` Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը, մասնագիտությամբ երաժիշտ է եղել, սիրահարվել է տիկին Մարիամին առաջին իսկ հայացքից:
«Ես կոնսերվատորիայի ուսանող էի, նա` մեր դասախոսը: Երբ ամուսինս մտել է լսարան և ինձ տեսել, ասել է` էս ինչ լավն է, ափսոս, որ այսքան փոքր է /20 տարով փոքր էի նրանից/, բայց դա ոչինչ չի նշանակում: «Օна будет моей» ասել ու գործի է անցել: Այժմ 4 կգ նամակ ունեմ, մեծ մասամբ ամուսնուս կողմից գրված սիրային նամակներն են: Վերջերս, երբ աղջիկս տեսավ այդ նամակներից մեկը, ասաց, թե` մա'մ, եթե ես գոնե մեկ նման նամակ ստացած լինեի, աշխարհի ամենաերջանիկ կինը ինձ կզգայի: Իսկ հիմա՞… Ինտերնետային նամակները դժվար թե տարիներ անց հպարտությամբ ցույց տաս երեխաներիդ»,- ասում է Տոնոյանը:
Նրա հավաստմամբ` անհրաժեշտ է ժամն ու օրը ճիշտ ծախսել, ավելի ճիշտ` վայելել: Կարևոր է նաև օրվա սկիզբը ճիշտ սկսելը. ամեն առավոտ Տոնոյանը նախ մարմնամարզությամբ է զբաղվում, նախաճաշում, հետո նոր միայն անցնում առօրյա ընթացքին: Ասում է, որ մինչ օրս տանել չի կարողանում ճաշ պատրաստելը, ավելին` սիրով կանի մյուս բոլոր գործերը, միայն թե այդ պարտականությունն իր վրա չմնա:
«Կենցաղին պետք չէ շատ լուրջ տեղ հատկացնել, բայց պետք էլ չէ տրտնջալ: Օրդ պետք է ճիշտ կառուցես` գործը` գործ, հանգիստը` հանգիստ: Երբ աշխատանքից տուն եմ գնում, կա'մ գիրք եմ կարդում /Թումանյան, Իսահակյան/, կա'մ սերիալ դիտում /բայց ոչ հայկական ու բրազիլական/, հետո աղջիկներիցս մեկի տուն եմ այցելում ու միասին խաչբառ ենք լուծում»,- ասում է տիկին Տոնոյանը, ով, բացի ճաշ պատրաստելուց, տանել չի կարողանում նաև գործելը, կարուձևը. «Թոռներս էդպես էլ տատիկի գործած գուլպաները չունեցան»:
Տոնոյանը 1960-ին արժանացել է Վաստակավոր ուսուցչի կոչման: Մինչ այսօր 6 տնօրեն է փոխել: Սակայն ամեն անգամ սեպտեմբերի 1-ին, երբ դասարան է մտնում ու սկսում խոսել առարկայի մասին, նույն հուզմունքն է 75 տարվա փորձ ունեցող ուսուցչին ուղեկցում, ինչ` առաջին անգամ: «Ամեն տարի այնպիսի տպավորություն է` կարծես, առաջին անգամ եմ մտնում դասարան: Առանց մանկավարժության կյանքս չեմ պատկերացնում: Տնօրենին զգուշացրել եմ` եթե ուզում եք կյանքս կարճացնել, զրկեք ինձ աշխատանքից»,- ասում է նա:
Տոնոյանը ցավով է նշում, որ մեր օրերում մանկավարժներն ըստ արժանվույն չեն գնահատվում, մանկավարժի դերն այնքան էլ չի կարևորվում, և հաշվի չի առնվում այն փաստը, որ մանկավարժությունը պատասխանատու աշխատանք է: Ոուսուցիչները, Տոնոյանի կարծիքով, մեր գալիքն են ձևավորում:
«Քանի գնում, ուրիշ սերունդ է գալիս, և մենք էլ նրանց հետ պետք է փոխվենք, դասավանդման մեթոդիկան փոխենք: Շատ բան անհրաժեշտ չէ, ուղղակի պետք է անհատական մոտեցում ցուցաբերել աշակերտներին: Հիմա նրանք են իմ ուրախությունը, նրանք են օրս լցնում»,- ասում է տիկին Տոնոյանը:
Վերջում խնդրում եմ տիկին Տոնոյանին դաշնամուրով մի բան նվագել: Ուշադիր զննում է ինձ ու թե` «սիրուն ես լսում… Որ էսքան դիմացար ու չընդհատեցիր խոսքս, դու դասական երաժշտություն էլ կսիրես, արի դասականներից` դասականի գործերից մեկն էլ կատարեմ»:
Կարինե Հարությունյան