կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-25 15:22
Իրավական

Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է օրենքների անգրագետ մեկնություններով. օմբուդսմեն

Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է օրենքների անգրագետ մեկնություններով. օմբուդսմեն

Երեկ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները և «ցուցում է» տվել դատախազին:

 

«Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը իրավական գնահատական է տվել Դատախազության գործողություններին և առաջարկել է, այլ ոչ թե ցուցում տվել վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Գլխավոր դատախազին ուղղված Պաշտպանի այն առաջարկը, որով կարող է ամուսնու կողմից իր և կնոջ գույքը հրկիզելու և ոչնչացնելու արարքը դիտարկվել «ինքնիրավչություն», ցավոք, Գլխավոր դատախազության կողմից արժանացել է կոպիտ ու անթույլատրելի արձագանքի, մինչդեռ իրականությունը հետևյալն է.

 

«Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչություն կատարելու համար, սահմանում է. «ինքնիրավչությունը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին...»:

 

Քանի որ ամուսնու սեփականության իրավունքը հրկիզված ու ոչնչացված գույքի նկատմաբ խիստ վիճելի էր, և առկա էր դատարանի քննությանը ենթակա վեճ, հետևաբար, առանց դատարան դիմելու՝ ինքնակամ (ինքնագլուխ) կերպով չէր կարող վաճառել, օգտագործել, առավել ևս, ոչնչացնել մի գույք, որի մյուս մասը ենթադրաբար պատկանում էր այլ անձի: Իր այդ ինքնակամ (ինքնագլուխ) գործողություններով նա էական վնաս է պատճառել իր կնոջ իրավունքներին ու օրինական շահերին: Ինչպես պարզ է դառնում օրենքի այս հստակ մեկնաբանությունից, ամուսնու գործողություններում առկա են ինքնիրավչության ակնհայտ տարրեր: Մինչդեռ քննիչը և դատախազը գործն ուսումնասիրել են բացառապես ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու տեսանկյունից (ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդված), և լիովին ու անարդարացիորեն անտեսել են ինքնիրավչությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդված)»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: