կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 12:41
Հասարակություն

Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլև ապատեղեկատվությունից. օմբուդսմեն

Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլև ապատեղեկատվությունից. օմբուդսմեն

Երեկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կառույցն իրապես խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը, սակայն միաժամանակ Օմբուդսմենի բացահայտած և հրապարակած խախտման մասին խոսելիս իրեն թույլ էր տվել մոլորեցնող և անպատշաճ դատողություններ: Այդ պատճառով, հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլև ապատեղեկատվությունից:

 

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն իր բոլոր խախտման որոշումներում նշում է տվյալ խախտման փաստական հանգամանքները, իրավական հիմնավորումները, ինչպես նաև խախտող պետական մարմնին ուղղված իր կոնկրետ առաջարկները: Ըստ օրենքի` եթե խախտումը թույլ տված պետական մարմինը քսանօրյա ժամկետում չի կատարում Պաշտպանի առաջարկները, ապա Պաշտպանը հրապարակում է տվյալ խախտման որոշումը:

 

Տվյալ դեպքում, ս.թ. հունիսի 20-ին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղարկել է խախտման որոշումը՝ իր երկու առաջարկներով. առաջին՝ տալ հանձնարարականներ՝ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով, երկրորդ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց: Ցավոք, Գլխավոր դատախազը պատշաճ չի կատարել այդ առաջարկները, իսկ դրանցից միայն մեկի մասնակի կատարման մասին նույնիսկ չի էլ իրազեկել Պաշտպանին: Իրավական դաշտում անթույլատրելի էր շուրջ 4 ամիս չվերացնել կատարված խախտումը և միայն Պաշտպանի խախտման որոշումից (առ հունիսի 20) հետո Գլխավոր դատախազի հանձնարարականով (առ հուլիսի 3) սկսել մարդու խախտված իրավունքի վերականգնումը: Առավել ևս, որ ազատամարտիկի այրու իրավունքի խախտման մասին Օմբուդսմենը Գլխավոր դատախազին առաջին անգամ տեղեկացրել էր դեռևս մարտի 20-ին: Բարոյական դաշտում ավելի քան տարակուսելի է այն, որ Գլխավոր դատախազությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում, իմացել այդ մասին և չի ձեռնարկել պատշաճ քայլեր, իսկ այժմ էլ փորձում է հասարակությանը շեղել սեփական թերացումներից

 

Հուսով ենք, որ Գլխավոր դատախազությունը հանրությանը հայտնի և անհայտ այլ գործերով կդրսևորի բարոյական և իրավական առավել բարձր հատկանիշներ:

 

Պաշտպանի աշխատակազմ