կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-20 17:25
Քաղաքական

Գլխավոր հրամանատարի համար նախատեսված` համագումարի աթոռը դատարկ մնաց

Գլխավոր հրամանատարի համար նախատեսված` համագումարի աթոռը դատարկ մնաց

Այսօր տեղի ունեցած` «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարից հետո լրագրողների հետ զրույցում միության հիմնադիր նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե  ինչո՞ւ չհամախմբվեցին ԵԿՄ-ի հետ, ասաց. «Չեմ ուզում Երկրապահից խոսել, սա առանձնահատուկ կառույց է, այսօր այստեղ գտնվում են առաջին գծում կռված տղերքը: Շատ ազատամարտիկներ դուրս են մնացել Երկրապահից և այլ հասարակական կազմակերպությունից,  և մենք որոշեցին նրանց միավորել այս կառույցի շուրջ»:


Հարցին, թե արդյո՞ք այս միությունը չի տրոհում ազատամարտիկների համայնքըԳևորգյանը պատասխանեց, որ հակառակը, սա առաջին քայլն է, որը միավորեց ազատամարտիկներին, որովհետև մի կազմակերպության մեջ միավորվել են 8 ռազմահայրենասիրական կազմակերպություններ, դա արդեն իսկ միավորում է, ոչ թե տրոհում:


Yerkir.am-ի այն հարցին` ափսոսո՞ւմ է, արդյոք, որ երեք նախագահները չեն եկել մասնակցելու համագումարին, պատգամավորը պատասխանեց, որ ափսոսում է, ուրախ կլիներ ազատամարտիկների կողքին տեսնել երկրի տարբեր ժամանակաշրջանների գերագույն հրամանատարներին: Ռուբեն Գևորգյանը նշեց, որ իրեն հայտնի չէ, թե նախագահներն ինչու չեն եկել համագումարին, սակայն հրավեր է ուղարկվել թե' երեք նախագահներին, թե' ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, թե' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ռուբեն Գևորգյանը շեշտեց, որ «Երդվյալ ազատամարտիկների միությունը» բացարձակապես քաղաքական կառույց չէ, ուստի տրամաբանական  կլիներ, որ հրավիրվածները ներկա գտնվեին:

 

«Երդվյալ ազտամարտիկների միությունը» ապաքաղաքական կառույց է, բայց բացառված չէ, որ երկրի ճակատագրին վերաբերող հարցերում իրենք ունենան իրենց հստակ դիրքորոշումը»,- ասաց Ռուբեն Գևորգյանը:

 

«Մենք ուրախ կլինեինք, որ երկրի գլխավոր հրամանատարի համար հատկացված աթոռը դատարկ չմնար: Մենք երեք գլխավոր հրամանատարների հրավիրել էինք` և' ներկայիս, և' երկու նախկին հրամանատարների»,- ասաց նա, նաև խոսեց հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքի մասին` ասելով, որ իրենց միության ազատամարտիկները ազատ են մասնակցելու կամ չմասնակցելու այդ հանրահավաքին: