կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-16 16:51
Քաղաքական

Փոքրերը մի խնդիր ունեն, ոտատակ չընկնել ու այդպիսով փորձել պահպանել ազգային ինքնությունն ու ինքնիշխանությունը. Զաքարյան

Փոքրերը մի խնդիր ունեն, ոտատակ չընկնել ու այդպիսով փորձել պահպանել ազգային ինքնությունն ու ինքնիշխանությունը. Զաքարյան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթը պետք է դիտարկել որպես նախագահ Թրամփի կողմնակիցների, ինչպես նաև հետթրամփյան Հանրապետական կուսակցության՝ արտաքին քաղաքականության ուրվագիծ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Կարելի է ասել, որ Ռուբիոն առաջարկեց «Արևմուտքը կրկին ազդեցիկ ու խոշոր» դարձնելու բանաձև՝ Թրամպիզմի և Ռեյգանյան քաղաքականության համադրությամբ։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն հայեցակարգային նորարարություն մտցրեց՝ հայտարարելով, որ Արևմուտքը պարզապես ՆԱՏՕ-ի կամ այլ բազմակողմ կառույցների ինստիտուտուցիոնալ դաշինք չէ միայն, այլ առաջին հերթին քաղաքակրթություն, որը միավորված է պատմությամբ, մշակույթով և կրոնական ժառանգությամբ: Այս մոտեցումը Վաշինգտոնին թույլ է տալիս ուղիղ աշխատել եվրոպական հասարակությունների հետ՝ շրջանցելով նրանց քաղաքական էլիտաներին:

Ելույթի տնտեսական բաժինը ապաարդյունաբերականացման, մրցակիցների կողմից սուբսիդիաների և մատակարարման շղթաների ոչնչացման քննադատություն էր, ինչից կարելի է ենթադրել, որ ապագայում անցում է կատարվելու դեպի տնտեսական ազգայնականություն։

Ռուբիոյի ելույթի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր դրույթ էր ԱՄՆ-ի պատրաստակամությունը գործել առանց միջազգային ինստիտուտների: Թվարկելով Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության գործողությունները՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը կարող է իրացնել իր ուզած քաղաքականությունն առանց միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի:

Ամերիկյան իսթաբլիշմենթում քաղաքական առումով, Ջ. Վենս-Մ. Ռուբիո զույգը կարծես դիտարկվում է որպես հնարավոր հանրապետականների հետթրամփյան թիմ։

Ըստ էության, ԱՄՆ-ն չի հրաժարվում առաջնորդությունից, այլ փոխում է առաջնորդական իր մոդելը՝ լիբերալ գլոբալիզմից դեպի քաղաքակրթական ռեալիզմ, որտեղ դաշնակիցներին առաջարկվում է ընտրություն. գործել Ամերիկայի հետ, կամ հետևել, թե ինչպես է այն գործում։

Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ու նյարդային ժամանակներ:

Փոքրերը մի խնդիր ունեն, ոտատակ չընկնել ու այդպիսով փորձել պահպանել ազգային ինքնությունն ու ինքնիշխանությունը:

Մարկո Ռուբիոյի ելույթից պետք է նաև հետևություն անել, որ, եթե Հայաստանը չի ցանկանում ամբողջությամբ կլանվել ու խաղաղություն գոչելով՝ ապագայի հարվածների տակ հայտնվել, ապա օտարածին լիբերալիստական կառավարման մոդելից պետք է վերադառնա ազգային պետության և համազգային համախմբման իր մոդելին: