կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-17 15:26
Հասարակություն

Լեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը

Լեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից Ուկրաինայում շարունակվող պատերազմի և այն բանի պատճառով, որ ՌԴ իշխանությունները Լեհաստանը պաշտոնապես հայտարարել են «ոչ բարեկամական» պետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ, որը փետրվարի 16-ին հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տալիս Ռուսաստանում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին «լքել ՌԴ տարածքը հասանելի առևտրային ու մասնավոր միջոցներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական, ընտանեկան կամ մասնագիտական ​​հանգամանքները նրանցից պահանջում են մնալ երկրում»։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ՌԴ-ում Լեհաստանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունները գնալով սահմանափակվում են։ Սա պայմանավորված է Սանկտ Պետերբուրգում և Կալինինգրադում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունները փակելու Ռուսաստանի իշխանությունների որոշումներով, ինչը հանգեցրել է դիվանագիտական ​​և հյուպատոսական անձնակազմի թվաքանակի կրճատման։

«Անվտանգության հետ կապված իրադրության կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի հանգամանքների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն բարդանալ կամ նույնիսկ անհնար լինել», – նախազգուշացրել է նախարարությունը։

Վարշավան և Մոսկվան իրենց հյուպատոսական հաստատությունները սկսել են փոխադարձաբար փակել 2024 թ. աշնանից: Դրանցից վերջինը՝ Գդանսկում ՌԴ հյուպատոսությունը և Իրկուտսկում Լեհաստանի հյուպատոսությունը, փակվեցին 2025 թ․ վերջին: Արդյունքում երկու երկրներն այժմ չունեն գլխավոր հյուպատոսություններ, աշխատում են միայն դեսպանատները մայրաքաղաքներում։