Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` քառյակի նիստից հետո, երբ պարզ դարձավ, որ հանրահավաք են անցկացնելու երեք ոչ իշխանական ուժերը, և ՀՅԴ-ն չի մասնակցելու, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եռյակի հանրահավաքում քառյակի անունից կհնչեցվի 12 կետերի կատարման վերաբերյալ գնահատական: Նա նշեց, որ երեք ոչ իշխանական ուժերը կստեղծեն խմբեր, որոնք կզբաղվեն մարզային այցելություններով:
«Իհարկե, նախընտրելի կլիներ, որ Դաշնակցության մեր գործընկերները լինեին մեզ հետ Ազատության հրապարակում, բայց դա իրենց որոշումն է, և մենք հարգում են այդ որոշումը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև շեշտեց, որ պետք չէ քառյակին վերաբերվել որպես կոալիցիայի, քանի որ չորս ուժերը կյանքի են կոչում այնպիսի հարցեր, որոնց շուրջ կան համաձայնություններ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` խորհրդարանի ներսում նորմալ հունով շարունակվելու է քառյակի համագործակցությունը:
Լրագրողների այն դիտարկում-հիշեցմանը, որ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ընդգծել է, որ կարող է տեսակետ հայտնել սահմանադրական փոփոխությունների մասին միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինի հայեցակարգը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ հարգարժան գործընկերները, ոչ միայն լրագրողները, այլ նաև քաղաքական գործիչներ մի քիչ այլ կերպ են ընկալել պարոն Ծառուկյանի հարցազրույցի այդ հատվածի շեշտադրումները: Պարոն Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր կրծքով պաշտպանում են դեռևս վերջնական տեսքի չեկած հայեցակարգը: Մենք խոսում ենք պահի, ժամանակի այս փուլում սահմանադրական փոփոփոխություններ անցկացնելու նպատակահարմարության մասին»: