կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 16:38
Քաղաքական

Ֆինանսների նախարարությունում հաշվել չգիտե՞ն, թե՞…

Ֆինանսների նախարարությունում հաշվել չգիտե՞ն, թե՞…

Որքան էլ զավեշտալի է՝ ֆինանսների նախարարությունը դեռեւս չի կարողանում պատասխանել մեր այն պարզ հարցին, թե շինարարական-վերանորոգման ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նախարարության շենքում Գագիկ Խաչատրյանի` նախարար նշանակվելուց հետո, որքա՞ն են արժեցել այդ աշխատանքները եւ ի՞նչ միջոցներով են կատարվել: Հիշեցնենք, որ նշված նախարարությունում լայն թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում:

 

Նշենք նաեւ, որ վերոհիշյալ հարցերին մեզ սեպտեմբերի 3-ին ընդամենը պատասխանել են. «Ներկայում սկսվել են աշխատանքներ նշված վարչական շենքի այլ հատվածների վերանորոգման ուղղությամբ, հետևաբար ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ամբողջական պատասխան կտրամադրվի առաջիկայում»:

 

Անցել է արդեն մեկ շաբաթ, իսկ պատասխան չկա ու չկա: Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի Հոդված 9.-ի 7-րդ կետի 3) ենթակետով հստակ սահմանվում է` «եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»:

 

Մինչդեռ ֆինանսների նախարարության պատասխանում ո'չ հետաձգման պատճառների մասին խոսք կա, ո'չ էլ` վերջնական ժամկետի: Թե «առաջիկա»-ն ինչքանով է կոնկրետ ժամկետ ենթադրում, թողնում ենք կառավարության աշխատանքի մոնիտորինգ իրականացնողներին:

 

Սա դեռ ոչինչ, բայց խոստովանեք` դժվար է պատկերացնելը, որ նախարարությունում, այն էլ` թվերի հետ կապ ունեցող, վերանորոգումը սկսել են հենց այնպես` առանց հաշիվ-հաշվարկի, առանց նախահաշվի, առանց ծրագրի: Նախարարության այս պահվածքն արդեն տարակուսելի է: Չես հասկանում՝ մամուլի՞ն են արհամարհում, թե՞ ինչ-որ բան են թաքցնում:

 

Բ. Գասպարյան