կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-08 15:27
Քաղաքական

Նախագահի՝ «խրամատը» չլքելու հորդորը՝ ՀՀԿ-ի ներքին կազմակերպչակա՞ն հարց

Նախագահի՝ «խրամատը» չլքելու հորդորը՝ ՀՀԿ-ի ներքին կազմակերպչակա՞ն հարց

Այսօր նիստերի դահլիճից դուրս եկող` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանից լրագրողները հետաքրքրվեցին` ուրա՞խ է, արդյոք, որ գտնվում է խրամատում, և ինչո՞ւ է դուրս գալիս:

 

Հիշեցնենք, որ օրենսդիրի աշխատանքը խրամատի հետ էր համեմատել ՀՀ նախագահը` երկու օր առաջ ՀՀԿ Խորհրդի նիստում, հորդորելով ՀՀԿ-ական պատգամավորներին` չլքել այդ խրամատը:

 

«Ես գնում եմ իմ աշխատասենյակ` աշխատելու: Պատգամավորների աշխատանքը միայն դահլիճում չէ, ավելի շատ հանձնաժողովներում է: Ես ուրախ եմ, որ իմ գործն եմ իրականացնում, ուրախ եմ, որ ինձ է վստահվել այս գործը, ես երբևէ Ազգային ժողովի աշխատանքներից չեմ խուսափել»,- ասաց Կարեն Ավագյանը:

 

Հարցին` նորմա՞լ է, որ նախագահը հորդորում է օրենսդիր ՀՀԿ-ականներին` զբաղվել իրենց գործով և չբացակայել նիստերից, Կարեն Ավագյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահը նաև ՀՀԿ նախագահն է, ուստի նորմալ է, որ ՀՀԿ նախագահը նման հորդոր է հնչեցնել:

 

Նրա խոսքով` նախագահի վերոնշյալ հորդորը` ուղղված ՀՀԿ-ական պատգամավորներին, դա ՀՀԿ Խորհրդի քննարկումն է, և ՀՀԿ-ականները շատ լավ գիտեն, թե ինչպես է կյանքի կոչվելու այդ հորդորը: Կարեն Ավագյանը խնդրեց լրագրողներին չխառնվել ՀՀԿ-ի ներքին կազմակերպչական հարցերին, որովհետև նախագահի հորդորը` օրենսդիր մարմնում ակտիվ աշխատելու և չբացակայելու, պատգամավորը դիտարկում է որպես ՀՀԿ-ի ներքին կազմակերպչական խնդիր:

 

Պատասխանելով այն հարցին, թե, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, նախորդ նստաշրջանում քվեարկությունների համար ՀՀԿ-ական պատգամավորներին ստիպված էին ինքնաթիռներից ետ կանչել դեպի խորհրդարան, Կարեն Ավագյանը արձագանքեց. «Չեմ կարծում, թե Արմեն Ռուստամյանը գիտի` ով ում որտեղից է բերել: Ամեն դեպքում` մենք մեր անելիքը շատ լավ գիտենք»: