Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 3-ին /ժամը 16-ին/ Նկարիչների միությունում տեղի կունենա գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Լրագրողների հետ զրույցումկ Աղաբաբյանը նշեց, որ սա իր համար, կարծես, հաշվետու ցուցահանդես լինի` 50 տարին քիչ չէ: Կներկայացվեն հիմնականում նոր աշխատանքներ` թվով 80, սակայն կան նաև հին նկարներ` նկարչի զարգացման ճանապարհը ցույց տալու համար:
«Ես փորձում եմ միայն լավը փոխանցել կտավներում: Աստծո տված շնորհը չպետք է սատանային ծառայեցնես, վատն այնքան շատ է կյանքում, առօրյայում, որ դու ուղղակի պարտավոր ես քո գործի միջոցով լավը ցույց տալ, իսկ լավը Հայաստանում շատ-շատ է: Մեր երկիրը շատ լավն է, ուղղակի` հրաշք, աշխարհում այսպիսի գույներով երկրները քիչ են: Գիտեք, չէ՞, որ Հայաստանի գույները երեքն են, մնացյալը երանգներ են: Դրանք մեր դրոշի գույներն են` կարմիր, կապույտ և ծիրանին»,- ասաց Աղաբաբյանը` հավելելով, որ իրեն շատ են ասում, որ իր նկարները շատ լուսավոր են, պայծառ, և դրա պատասխանը մեկն է` մեր երկիրն է այդպիսին:
Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը նշեց, որ Աղաբաբյանը հայ գեղանկարչության մեջ վայրի բնությունը ծայրից ծայր ընկալող նկարիչ է։
«Դժվար գտնվի մեկ ուրիշ այնպիսի նկարիչ, որ օրը կարողանա այսքան արդյունավետ պարպել: Նրա գործերում ժամանակակից մտածելակերպն ու առողջ դատողությունն է իշխում: Նիկոլը կարողանում է գույնին տիրապետել և գունային ճիշտ համադրություն կատարել, մի խոսքով` նիկոլավարի նկարել»,- ասաց նկարիչը:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն էլ նշեց, որ Աղաբաբյանն իր տարիքից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել` 60-ից ավելի, ինչը մեր օրերում լուրջ ցուցանիշ է։
«Նիկոլ Աղաբաբյանի նկարները դիտելիս ակհայտ է դառնում նրա տածած սերն առ հայրենիք ու բնություն: Նա շատ մաքուր ու պայծառ է ներկայացնում Հայաստանի գույները»,- ասաց Գեղամյանը` հավելելով, որ ցուցահանդեսի օրը նկարչի համար մշակույթի նախարարությունն անակնկալ է պատրաստել. «Արդյունավետ աշխատանքի համար Աղաբաբյանը կպարգևատրվի»: