Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013-ի հուլիսի 13-ին «Ոսկե ծիրանի» շրջանակներում պետք է ցուցադրվեր Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը, սա էլ առիթ հանդիսացավ, որ կյանքի կոչվի Սերգեյ Փարաջանովի մի քանի ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» գիրքը: Գիրքը ռուսերենից հայերեն է թարգմանել Հովհաննես Այվազյանը, խմբագիրը Հովիկ Չարխչյանն է, հրատարակվել է «Փրինթ ինֆո» հրատարակչատանը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 13-ին` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման օրը:
Yerkir.am-ի հետ զրույցում գրքի ստեղծման մտահղացման հեղինակ Արայիկ Մանուկյանը նշեց, որ դեռեւս 2013-ին, երբ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը պետք է դիտեր, իրեն է մոտեցել Հովհաննես Այվազյանը և ասել, որ մի վիպակ է թարգմանել, որը եթե կարդա` ուրիշ ոչինչ չի ուզենա Փարաջանովի մասին կարդալ:
«Հենց այդպես էլ սկսեցի գրքի նախաբանը` «Եթե այդ վիպակը կարդաք»… Ես ընդհանրապես փարաջանովապաշտ մարդ եմ և ամեն ինչ կարդացել եմ Փարաջանովի մասին, նայել նրա բոլոր ֆիլմերը, նրա մասին պատմող ֆիլմերը: Այս վիպակում տեսա այն Փարաջանովին, ում միշտ որոնում ենք, որովհետև ինքը խենթ է, ուրիշ հարթությունում է ապրում, չի տեղավորվում մեր պատկերացումների մեջ, դուրս է բոլոր պայմանականություններից, տիեզերական է: Մենք միշտ հենց այս Փարաջանովին ենք որոնում»,- ասաց Մանուկյանը:
Նրա հավաստմամբ` ընթերցողներն առաջին հերթին Փարաջանովին կբացահայտեն, ավելի ճիշտ, մեկ ուրիշ Փարաջանով կբացահայտեն` Փարաջանովի, ով գեղեցկացված, լուսապսակով չէ, ինքն է` ոնց որ կա: Գիրքն ընթերցելուց հետո, Մանուկյանի կարծիքով, կթվա, որ ընթերցողն էլ է ծանոթ Փարաջանովին, նրա հետ եղել է նկարահանման հրապարակում, աշխատել նրա հետ:
«Սկզբում ես միայն վիպակն ու այն հրատարակելու իմ որոշումն ունեի: Հարություն Խաչատրյանը մի լավ խոսք ունի` բոլորը փորձում են Փարաջանովին իրենցով անել, իսկ մենք ոչինչ չենք անում: Որոշեցի իմ չափով ինչ-որ բան անել, գտա Կունցևի աղջկան, պայմանավորվեցինք, որ ես անհրաժեշտ ծախսերը կփոխհատուցեմ գրքի վաճառքից հետո: Փորձեցի հովանավորներ գտնել, չստացվեց, ցավոք, այն մարդիկ, ովքեր փող ունեն, փարաջանովասեր չեն, և ովքեր փարաջանովասեր են, փող չունեն»,- ասաց Մանուկյանը` հավելելով, թե ցավալի է, որ մեր մեծերին հոբելյանից հոբելյան ենք անդրադառնում:
«Մեր մշակույթը, արվեստն ու գրականությունը պետք է մեր արժեհամակարգը լինեն, իսկ մենք այսօր արժեհամակարգ չունենք: Կունցևն իր վիպակում գրում է, որ արդեն երկու սերունդ կա, որ կինոթատրոն չի գնացել և չգիտի` ինչ է կինոթատրոնում կինո դիտելը: Իսկ կինոն պետք է կինոթատրոնում նայել: Փարաջանովի ֆիլմերը, որոնք հեքիաթ են, ճաշակ, գույն, մտածողություն, արժեհամակարգ, գրականություն ու պատմություն, ինչպես կարելի է չցուցադրել ու չգնալ հենց կինոթատրոնում դիտել»,- ասաց նա:
Այս վերաբերմունքը, Մանուկյանի կարծիքով, գալիս է նրանից, որ նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են գիտակցել մեր արժեքների պահպանման և տարածման հարցը, չեն գիտակցում, իսկ նրանք, ովքեր գիտակցում են, հնարավորություն չունեն և ինչ-որ քայլեր են անում` իրենց կաշվից դուրս գալով: Որպես օրինակ` Մանուկյանը նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն իր համար ուղղակի մշակութաբանական երևույթ է, քանի որ փառատոնի օրերին Հայաստան են այցելում այնպիսի մարդիկ, որոնց աշխարհում երազում են անգամ հինգ րոպեով տեսնել: Նա հավաստիացնում է` եթե, օրինակ, չինացիներն իմանան, որ Կիմ Կի-Դուկը Հայաստան է գալիս, շատերը Հայաստան կգան` նրան տեսնելու:
«Կինոփառատոնը կարող է լինել մշակութային, քաղաքային տուրիզմի հիմքը, այն շքեղություն բերող, աստղային փառատոն չէ, այլ բաց, ազատ, սրտաբաց փառատոն` Երևանի նման: Իսկ ի՞նչ է կատարվում մշակույթի ոլորտում` մի քանի նվիրյալներ են ամբողջ բեռն իրենց ուսերին վերցրել, բայց Աստված չանի` նրանք հոգնեն»,- ասաց Մանուկյանը:
Ի դեպ, հուլիսի 13-ին, գրքի շնորհանդեսին զուգահեռ, տեղի կունենա նաև ուկրաինացի հայտնի կինոօպերատոր Յուրի Գարմաշի /նա Փարաջանովի մի քանի ֆիլմերի հնչյունային օպերատորն է եղել/` Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսը: Այդ լուսանկարներից որոշները տեղ են գտել նաև գրքում: Գրքում զետեղված է նաև մի նովել Գարմաշի` Փարաջանովի հետ առաջին հանդիպման մասին, ինչպես նաև Կունցևի տղայի` ռեժիսոր Վախթանգ Գաբաշվիլիի «Արաբեսկներ» ֆիլմի` հայերեն թարգմանված մի հատված, որն էլ Փարաջանովի մասին է պատմում: Գրքի շնորհանդեսին ներկա կլինի նաև Կունցևի կինը:
Կարինե Հարությունյան