կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-22 18:53
Մշակույթ

Գլխավոր մրցանակը՝ 12 շիշ գինի «Փարաջանով» ֆիլմին

Գլխավոր մրցանակը՝ 12 շիշ գինի «Փարաջանով» ֆիլմին

«Ոչ ես եմ նման Փարաջանովին, ոչ էլ մեր ֆիլմն է նման Փարաջանովի ֆիլմերին»,- լրագրողների հետ զրույցում նշեց անվանի կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը՝ խոսելով երեկ ՀՀ նախագահի մրցանակի արժանացած իր՝ «Փարաջանով» ֆիլմի մասին:

 

Ավետիքյանը ժամանել է Հայաստան՝ ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա լինելու: Կինոռեժիսորը նշեց նաեւ, որ ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է Ուկրաինայում:

 

«Սցենարը շատ դոկումենտալ է, ներկայացնում է Փարաջանովի 30 տարվա կյանքը: Երբ ես ընթերցեցի սցենարը, այն միանգամից հետաքրքրեց ինձ: Ֆիլմի բյուջեն կազմել է 2 մլն եվրո»,- ասաց նա:

 

Ավետիքյանի կարծիքով՝ եթե Փարաջանովը համարձակ մարդ չլիներ, նա չէր կարող գտնել իր ժամանակաշրջանի կինոյի լեզուն, քանի որ այդ շրջանում կար կինոգրաքննություն: «Ես պետք է ոչ թե միստիկայի միջոցով նրա կերպարը հասցնեի տեղ, այլ ցույց տայի, թե ինչպիսի ռիսկով արտիստներ են եղել այդ ժամանակաշրջանում: Ես նրա տնազը չպետք է անեի, չպետք է շատ խաղայի»,- ասաց կինոռեժիսորը:

 

Ի դեպ, ֆիլմն արդեն հասցրել է միջազգային կինոփառատոներում 6-7 մրցանակի արժանանալ: Փառատոներից մեկի մրցանակն, ի դեպ, 12 շիշ գինի է եղել: Ավետիքյանը նշեց նաեւ, որ ֆիլմն առաջիկայում մասնակցելու է այլ փառատոների՝ Բուխարեստում, Ֆրանսիայում…

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանի համար այսօր նշանակալի օր է եւ նվեր` կինոսիրողների համար:

 

«Կինոյի ասպարեզում հայ-ֆրանսիական համագործակցությունը շատ սերտ է: «Փարաջանովը», կարծես, ավետիս էր հայ-ֆրանսիական համագործակցության»,- ասաց պարոն Ռենոն:

 

Yerkir.am-ի հարցին, թե Փարաջանովին անձամբ ծանոթ լինելը հեշտացնո՞ւմ, թե՞ ավելի դժվար էր դարձնում Փարաջանով կերպավորել, Ավետիքյանը պատասխանեց, թե դա իրեն «լեգիտիմություն տվեց. «Եթե ծանոթ չլինեի Փարաջանովին՝ ստիպված կլինեի խաղալ, նմանեցնել ժեստերը, շարժումները, տեսքը, նրա ֆիլմերը նայել: Ես միայն մի քանի կիլոգրամ քաշ ավելացրի, մորուք պահեցի, ու վերջ: Ամբողջ նկարահանման ընթացքում մեր մեջ, կարծես, մագնիսական ուժ կար, որն ինձ շատ էր օգնում նաեւ որպես ռեժիսոր»: