կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 19:04
Քաղաքական

Անհնար է մեզ պարտադրել միակողմանի զիջումներ. Սեյրան Օհանյանը՝ հենակետում

Անհնար է մեզ պարտադրել միակողմանի զիջումներ. Սեյրան Օհանյանը՝ հենակետում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի խումբ բարձրաստիճան զինվորականների ու լրագրողների ուղեկցությամբ, այսօր այցելել էր հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր ու հենակետեր:

 

Նախիջևանին սահմանակից մարտական այդ հենակետերից, որոնք գտնվում էին տեղանքի նկատմամբ բավական իշխող դիրք ունեցող բարձունքների վրա, և որտեղ մարտական ծառայություն են անցկացնում Արարատում տեղակայված զորամասի զինվորներն ու սպաները, կարծես ափի մեջ երեւում են ադրբեջանական մի շարք գյուղեր, Սադարակ քաղաքը, հակառակորդի մարտական դիրքերը:

 

Տեղում ծանոթանալով հենակետի ու պաշտպանական բնագծերի վիճակին, մարտական ծառայության տեղի առանձնահատկություններին, դիտարկելով հակառակորդ կողմի կարևոր կետերն ու օբյեկտները` Սեյրան Օհանյանը հենց հենակետում հանդես եկավ մամլո ասուլիսով:

 

ՀՀ պաշտպանության նախարարը, բացի բանակաշինությանը, մարտական ծառայությանը վերաբերող մասնագիտական անդրադարձից, մասնավորապես խոսեց նաև վերջին շրջանում ադրբեջանցիների կողմից հայկական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ գնդակոծություններին, դիվերսիոն-հետախուզական գործողություններին' շեշտելով, որ Ադրբեջանը միշտ էլ փորձել է սահմանին լարվածություն ստեղծել ու դրանով հայկական կողմին ինչ-որ բան պարտադրել, նաեւ` որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն իր վերջնագծին չհասնի:

 

Օհանյանի խոսքերով' սահմանին արկածախնդրությունն ակտիվանում է հատկապես ամռանը: Ըստ նրա` Ադրբեջանը փորձում է,  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում այդ սադրանքներով լարվածություն մտցնելով, հասնել իր համար ցանկալի զիջումների հայկական կողմից սակայն նա շեշտեց, որ ոչ միայն հակառակորդին չի հաջողվում լարվածություն ստեղծել, այլեւ այդպիսի միջադեպերից հետո հայ զինվորների ու սպաների մարտական ոգին, զգոնությունն էլ ավելի են բարձրանում:

 

«Անհնարին է մեզ պարտադրել միակողմանի զիջումներ: Մեզ պարտադրել են պատերազմ, որի ընթացքում մենք ունեցել ենք հաջողություններ, այսօր էլ մեզ պարտադրում են ուժերի, սպառազինությունների մրցավազք, եւ մենք, առանց որեւէ երրորդ ուժի, մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնում ենք»,- ասաց նախարարը:

 

Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխանին, հատկապես` հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակի առումով, ապա Սեյրան Օհանյանը շեշտեց. «Ես բազմիցս հայտարարել եմ, մեկ անգամ եւս հայտարարում եմ' մենք պատասխանել ու պատասխանելու ենք միայն հակառակորդի նպատակային կրակոցներին, իսկ ոչ նպատակայիններին չենք պատասխանելու: Իհարկե, մենք չենք կրակելու խաղաղ ազգաբնակչության վրա, իսկ ինչ վերաբերում է դիպուկահարներին եւ այլն, ապա մենք տալու ենք անհամաչափ պատասխան»:

 

Մի ուշագրավ արտահայտություն էլ արեց Սեյրան Օհանյանը' շեշտելով. «Նաեւ հաշվի առնելով, որ ԼՂ հակամարտության գործում հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, հարցի լուծման վերջնագծում կարող է այնպես լինել, որ մենք ԼՂՀ-ի հետ նորից սկսենք զրոյից: Այնպես որ` ԼՂՀ-ն պետք է լինի կողմ այդ բանակցային գործընթացում»:

 

Լրագրողները հետաքրքրվեցին' վերջին շրջանում ռուսական կողմից արդեն ավելի հրապարակային են հնչում ԼՂՀ-ում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին խոսակցությունները: Նախարար Օհանյանը պատասխանեց, որ հայկական կողմը միշտ էլ կարեւորել է ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող գործընթացները, որ ՀԱՊԿ-ն միշտ էլ կարեւորվել է Հայաստանի համար` որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք, բայց այս հարցում երրորդ կողմի միջամտության կարիքը չկա: