Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԼՂ խնդրի շուրջ ձևավորված զարգացումներին:
Նրա խոսքով՝ ներկայումս միջնորդ պետությունների կողմից ճիգերը շատ են՝ ուղղված բանակցությունների վերսկսմանը, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեղի ունեցած` Վիեննայի և մյուս հանդիպումներում անդրադարձ չի եղել հարցի բուն էությանը, հիմնական հարցերը վերաբերել են զինադադարի ռեժիմի ապահովմանը:
Մանոյանը նշեց նաև, որ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների նվազմանը նպաստել են նաև միջնորդների կողմից ճնշումները: «Ճնշումները կան, բայց հարցի կարգավորման հարցում նորություն չկա: Արծարծվող փաթեթը նույնն է, դրա մեջ նորություն չկա: Հիմնականում այն է, ինչ Մադրիդյան սկզբունքները, Կազանյանը, հիմա սկսեցին խոսել նաև Լավրովի փաստաթղթի մասին, բայց հիմնականում բոլորն էլ նույնն են` առաջարկվում է Ղարաբաղի կարգավիճակ՝ տարածքների դիմաց»,- ասաց Մանոյանը:
Ըստ նրա ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին հրապարակեց հայտարարություն, որին ոչ բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան: «Այնտեղ կրկնվում էր կուսակցության կեցվածքը, որը 2009 թվականից ի վեր այս հարցի մասին հրապարակվել է: Հիմնարար սկզբունքները կամ Մադրիդյան սկզբունքները հրապարակվել են այդ թվականի հուլիսին, և կուսակցությունը դրանց մասին իր տեսակետը հայտարարել է: Մենք հայտարարության մեջ անդրադառնում ենք նաև այն հարցին, որ ակնկալել, թե հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի անորոշ ապագայի, ինչ-որ խոստումների դիմաց, լրիվ սխալ է: Առանց դիմացի կողմից որևէ բան ստանալու՝ հայտարարել, որ մենք պատրաստ ենք ինչ-որ քայլեր ձեռնարկել, նշանակում է` ինչ-որ բան տալ` առանց ոչինչ ստանալու»,- ասաց նա:
Մանոյանը նաև կարծիք հայտնեց, որ դժվար է ակնկալել, որ մինչև տարեվերջ բանակցային գործընթացում կարող է լինել լուրջ տեղաշարժ: «Ադրբեջանը կշարունակի իր ապակառուցողական դիրքորոշումը, և պետք չէ բացառել, որ Ադրբեջանի կողմից, ի նշան բողոքի, կլինեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր»,- ասաց բանախոսը: