կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-10 15:13
Առանց Կատեգորիա

Հայկական ջուր` թուրքական ջրաղացին

Հայկական ջուր` թուրքական ջրաղացին

Նախորդ օրերին հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող կենտրոնական թեման Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած խոսակցությունն էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ համատեղ ասուլիսի ընթացքում Էրդողանը Մերկելին հորդորել էր 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցի առթիվ երկրի բյուջեից հատկացումներ կատարելու հարցում լինել ավելի զգույշ: Ի պատասխան կանցլերը նշել էր, որ Գերմանիան, ժողովրդավարական երկիր լինելով, չի կարող միջամտել նման որոշումներին, և որ Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ ու բացի սահմանը դժվարություններ ապրող Հայաստանի հետ:

 

Այս երկխոսությունը հայաստանյան լրատվամիջոցները ներկայացրեցին այնպիսի տոնայնությամբ, թե իբր Անգելա Մերկելը Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` օրինակ վերցնելով Գերմանիայից: Այս տեսանկյունից Մերկելի հնչեցրածը թվում է խիստ արտառոց, եթե չասենք սենսացիոն` թե' ուղղախոսության և թե', առավել ևս, Ցեղասպանության ճանաչման հարցում Գերմանիայի որդեգրած զուսպ և անտեսող քաղաքականության համատեքստում: Իրականում, սակայն, նման բան գոյություն չունի: Մերկելն ընդհանրապես «ցեղասպանություն» բառը չի օգտագործել: Նա ընդամենը խոսել է սեփական պատմության հետ Թուրքիայի առերեսվելու և Հայաստանի հետ սահմանը բացելու անհրաժեշտության մասին: Այսինքն` օգտագործել է շտամպային այն ձևակերպումները, որոնք անում են Եվրամիությունը, դրա անդամ առանձին երկրները հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ` իբրև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայման: Եվ հարց է առաջանում, թե ո՞րն է այդ դեպքում Մերկելի հայտարարությունների շուրջ ստեղծված աժիոտաժի պատճառը:

 

Գերմանական մամուլն այդ երկխոսությանն առանձին չի անդրադարձել, ինչը ցույց է տալիս, որ դրանում որևէ արտառոց բան, որը կնշանակեր Ցեղասպանության ճանաչման հարցում Գերմաիայի քաղաքական ուղեգծի կամ վերաբերմունքի փոփոխություն, չի նկատել: Փոխարենը դրա մասին գրել է թուրքական մամուլը, մասնավորապես` «Հյուրիեթ» պարբերականը, որից էլ թարգմանաբար արտատպել է ստամբուլահայ «Նոր Մարմարա» պարբերականը: Հայկական լրատվամիջոցները, փաստորեն, շատ դեպքերում, առանց համապատասխան հղումներ կատարելու, նյութը վերցրել են, ոչ ավելի, ոչ պակաս, թուրքական մամուլի հատկապես այն միջոցներից, որոնք պաշտոնական Անկարան շատ դեպքերում օգտագործում է տեղեկատվական խայծեր նետելու, մանիպուլյացիոն քարոզչություն իրականացնելու նպատակով: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ երկրների ղեկավարների երկխոսությունը այսպիսի խտացված գույներով ներկայացնելը դրա հերթական դրսևորումներից մեկն է: Խնդիրն այն է, որ սեփական երկրում, նույնիսկ` իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում չափազանց հեղինակազրկված Էրդողանը գնում է դեպի պառլամենտական ընտրություններ և, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ առաջադրվելու է վարչապետի պաշտոնում: Թուրքերի համար չափազանց զգայուն` Հայոց ցեղասպանության և դրա 100-րդ տարելիցի հարցերում Գերմանիայի կանցլերի հետ նման սուր բանավեճը հիանալի առիթ է դառնում Էրդողանի համար` ցույց տալու, թե ինչպես է ինքն անձամբ մաքառում Թուրքիայի դեմ սկսված համաշխարհային մասշտաբի հասնող ճնշումների դեմ:

 

Էրդողանի հաշվարկը կատարված է թուրք հասարակության` արտաքին վտանգ զգալու պարագայում, անկախ վերաբերմունքից, սեփական իշխանության շուրջ կոնսոլիդացվելու յուրահատկության վրա: Այլ կերպ ասած` Ցեղասպանության ճանաչման թեմայի արհեստական սրումը, այն էլ` մի երկրի հետ հարաբերությունների համատեքստում, որը համարվում է Թուրքիայի ստրատեգիական գործընկերը, ծառայեցվում է Էրդողանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական PR-ին: Եվ, ելնելով դրանից, պետք է ենթադրել, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելանալու են նմանատիպ հաղորդագրությունները թուրքական մամուլում: Հետևաբար, տիրաժավորելով դրանք, հայկական լրատվամիջոցները, կամա թե ակամա, ոչ միայն հերթական անգամ դառնում են այս խայծի զոհերը, այլև գործիքը թուրքական քարոզչության ձեռքին:

 

Հետաքրքրականն այն է, որ Մերկելի կողմից Էրդողանի բարոյապես «ոչնչացման այս ակտը» հորթի հրճվանքով պտտեցվում է հատկապես իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցներով: Դրանք, մոռանալով տեղեկատվության իրական աղբյուրները ճշտելու` լրագրության կարևոր սկզբունքը, շարունակում են գործել այն պրիմիտիվ տրամաբանությամբ, որ Թուրքիայի կամ Հայաստանին ոչ բարեկամ որևէ երկրի դեմ շրջանառվող ցանկացած տեղեկատվություն բխում է իշխանության շահերից, ծառայում վերջինիս շահերին, հետևաբար` պետք է տիրաժավորել ցանկացած պարագայում: Այնպիսի տպավորություն էր, թե Էրդողանին ոչ թե Անգելա Մերկելն է «տեղը դրել», այլ Հայաստանի իշխանությունը, և որ սա Հայաստանի հաղթանակն է թուրքական դիվանագիտության նկատմամբ: Այս մանկամտությունն առաջին հերթին պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակի դրսևորում է, որի թակարդում միշտ հայտնվում են հենց դրանց հեղինակները: Բայց էականն այն է, որ դրանից ոչ թե նրանք են տուժում, այլ այդ պրիմիտիվիզմի ճիրաններում հայտնված լսարանը:

 

Գևորգ Աղաբաբյան