Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում երկու օր առաջ, անդրադառնալով Մաքսային միությանը (ՄՄ) կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցի հստակեցմանը, նշել էր, թե հույս ունի, որ Սոչիից, որտեղ անցկացվում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, Հայաստանի համար լավ նորություններ կլինեն: Հունիսի 23-ին հանձնաժողովի այդ նիստը Սոչիում կայացավ: Սակայն Լավրովի ակնարկած` Հայաստանի համար «լավ լուրերը», կարծես, չստացվեցին:
ԵՏՀ խորհրդի նիստից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ըստ «Ինտեֆաքս» գործակալության, հայտարարեց, որ եթե Հայաստանը միանա ԵՏՄ ձևաչափին, ապա ստիպված է լինելու փոխհատուցումների վերաբերյալ բանակցություններ սկսել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ: Պատճառն այն է, որ ԱՀԿ-ի շրջանակում Հայաստանը պարտավորվել է կազմակերպության անդամ երկրների հետ առևտրային հարաբերություններում ավելի ցածր մաքսատուրքեր կիրառել, քան նախատեսված են ՄՄ-ի կանոնակարգերով: Եվ եթե Հայաստանը ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցի` անտեսելով այդ տարբերությունները և պարտավորությունները, կարող է հայտնվել ԱՀԿ անդամ երկրներում գործող և Հայաստան ապրանքներ ներմուծող կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցելու խնդրի առաջ:
Որ նման իրավիճակ պետք է առաջանար, պարզ էր ի սկզբանե: ՄՄ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդամակցության «ճանապարհային քարտեզի» մշակմանն ուղղված բանակցություններին զուգահեռ Հայաստանի կառավարությունը բանակցություններ էր վարում նաև մոտ հազար ապրանքատեսակների համար արտոնյալ մաքսատուրքերի շուրջ համաձայնություն ստանալու հարցում: Դրանց մեծամասնությունը հենց այն ապրանքատեսակներն էին, որոնք առավելաբար Հայաստանը ներկրում է ոչ ՄՄ անդամ երկրներից: Ակնհայտ է, որ ԵՏՀ-ի հետ վարվող բանակցությունների հիմնական նպատակներից մեկը, բացի անխուսափելի գնաճի կանխումից, ԱՀԿ-ի շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը չեզոքացնելը կամ նվազեցնելն էր:
Արդեն տևական ժամանակ է` պաշտոնական Երևանը որևէ պարզաբանում չի տալիս, թե ինչ ընթացք են ունեցել այդ բանակցությունները: Միայն նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց, որ հնարավոր է` ներկրվող ոչ ռուսական արտադրության ավտոմեքենաների համար առաջիկա առնվազն 5 տարիների ընթացքում մաքսատուրքերի սակագների փոփոխություն տեղի չունենա: Նախագահը, սակայն, ևս չհստակեցրեցլ` արդյոք դա վերջնականապես համաձայնեցված որոշո՞ւմ է, թե՞ ոչ: Այս հարցում կառավարության պահպանած անորոշության ֆոնին Շուվալովի հայտարարություններից մնում է եզրակացնել, որ կա'մ ԵՏՀ-ի հետ բանակցությունները որևէ էական արդյունք չեն տվել, կա'մ եթե անգամ փոխզիջումներ ձեռք են բերվել, ապա դրանք այնպիսին չեն, որ խնդիրներ չհարուցեն Հայաստանի համար ԱՀԿ-ում ունեցած պարտավորությունների տեսանկյունից:
Սակայն առնվազն տարօրինակ է, որ այդ մասին արտահայտվում է ռուսական կողմը և դա անում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար նախատեսված վերջնաժամկետի գրեթե նախօրյակին: Ռուսական կողմին այնքան էլ չպետք է հետաքրքրեր, թե Հայաստանն ինչպես կլուծի ԱՀԿ-ի հետ իր հարաբերություններում առաջացող խնդիրը, քանի որ, ըստ ռուսական և հայկական պաշտոնական տեսակետի, Հայաստանն ինքնուրույն է որոշել միանալ ՄՄ-ին, հետո` նաև ԵՏՄ-ին և, ըստ տրամաբանության, չէր կարող հաշվարկած չլինել իր այդ որոշման հետևանքները: Առավել ևս, որ Ռուաստանը, 2012թ., ի վերջո, միանալով ԱՀԿ-ին, ևս անցել է այդ ճանապարհը, և ո'չ Ղազախստանը և ո'չ էլ Բելառուսը, որոնք առ այսօր ԱՀԿ-ի անդամ չեն և արդեն այդ ժամանակ Ռուսաստանի հետ ստեղծել էին ՄՄ-ն, Մոսկվայի առջև նման խնդիրներ չեն դրել: Եվ այդ հանգամանքը հուշում է, որ Շուվալովի հայտարարության նպատակը ոչ թե Հայաստանին նախազգուշացնելն է, այլ նրան այնպիսի երկընտրանքի առջև կանգնեցնելը, որից ցանկացած ելք աշխատելու է ի վնաս Հայաստանի: Եթե Հայաստանը մտնում է ՄՄ կամ ԵՏՄ, չի կարող խուսափել կտրուկ և շատ ցավոտ գնաճից, որին զուգահեռ դեռ պետք է նաև կարողանա փոխհատուցել ԱՀԿ անդամ երկրներից ապրանքներ ներմուծող ընկերությունների վնասները: Եթե չի ուզում ԱՀԿ-ի շրջանակում լրացուցիչ ֆինանսական բեռ վերցնել իր վրա, ապա միանշանակ չի կարող հավակնել ԵՏՄ-ին անդամակցելուն, ինչի ձախողման պատասխանատուն դառնում է, փաստորեն, հայկական կողմը: Այլ կերպ ասած` Ռուսաստանն ստեղծում է այնպիսի իրավիճակ, որի պարագայում ընդհանրապես կամ առժամանակ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը սառեցվի, բայց դրա պատասխանատուն ոչ թե Մոսկվան համարվի, այլ հենց Երևանը:
Սառեցմանը մեծ հաշվով դեմ չէ նաև Երևանը: Միայն այն պայմանով, որ դրա պատասխանատուն և մեղավորը համարվի Մոսկվան` ավելի հեշտ մանևրելու և փոքրիշատե ինքնուրույնությունը վերադարձնելու համար: Այս իմաստով Հայաստանի և Ռուսաստանի միջև սկսվել է մի յուրօրինակ մուկնուկատվի խաղ, որտեղ դիրքային առավելություն ստանալու համար Հայաստանը նրբորեն առաջ էր քաշում Ղարաբաղից չհրաժարվելու պայմանը` հիմնվելով նա վրա, որ Մոսկվան, ի տարբերություն Աստանայի կամ Մինսկի, այն շրջանցել չէր կարող: Դրան ի պատասխան, Մոսկվան հիմա առաջ է քաշում Հայաստանի` ԱՀԿ-ի հետ հարցերը նախապես լուծելու հրամայականը: Մոսկվայի համար նման ելքը կարևոր է այնքանով, որ Հայաստանը ո'չ քաղաքական, ո'չ բարոյական իրավունք չի ունենում մեջքով շրջվելու ռուսական եվրասիաինտեգրացիոն նախագծերին, բայց նաև չի միանում այդ կառույցին առնվազն լիիրավ անդամի կարգավիճակով: Դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին չեզոքացնելու իր հիմնական գործընկերների` Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանի հարցում առկա տարաձայնությունները և առնվազն «չնեղացնելու» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այսինքն` Հայաստանին ԵՏՄ-ի պարագայում սպառնում է այն նույն կարգավիճակը, ինչ ներկայումս ունի Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հարցում` չի կարող դառնալ այդ կազմակերպության անդամ, բայց չի էլ կարող դուրս պրծնել դրա վերահսկողությունից:
Ընդհանուր առմամբ, ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին Հայաստանի չանդամակցելը նույնիսկ կարելի էր ձեռքբերում համարել. բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ դրանից Հայաստանը թե' քաղաքական և թե' տնտեսական առումով ավելի շատ տուժելու է: Սակայն ԵՏՄ-ի կիսաբաց դռների արանքում մնացած անցանկալի հյուրի այս կարգավիճակը ցանկացած դեպքում Երևանին զրկում է ազատ ընտրություն կատարելու իրավունքից: Անդամակցության հնարավորության կամ պրոցեսի միշտ, բայց արհեստականորեն ակտուալ լինելու իրողությունը Ռուսաստանի ձեռքին լծակ է` խափանելու համար քաղաքական, տնտեսական, երկրի պետական կառավարման համակարգերը եվրոպական չափանիշներին համապատասխան արդիականացնելու բոլոր նախաձեռնությունները:
Գևորգ Դարբինյան