Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ իրենց յուրաքանչյուր և իրենցից յուրաքանչյուրի քայլը մեսիջ է հասարակությանը: Մեսիջ է, երբ համատարած աղքատության ու արտագաղթի ֆոնին երկրի ղեկավարը վառ է պահում քավորական «ավանդույթները»՝ շաբաթը մեկ այս կամ այն մեծահարուստի զավակի հարսանիքն ու նշանադրությունը ծաղկեցնելով իր քավորությամբ, երկրի առաջին տիկնոջն էլ դարձնելով երկրի առաջին քավորկին:
Մեսիջ է, երբ կիսագրագետ ոմն հայտնվում է երկրի պառլամենտի նախագահի աթոռին՝ մի ավարտուն-հասկանալի բարդ նախադասություն արտաբերելու անընդունակ: Մեսիջ է, երբ կիսագողական մեկը դառնում է այդ պառլամենտում քաղաքական մեծամասնության ղեկավար: Մեսիջ է, երբ ձեռնածություններով շրջանցում են հանրային կարծիք և նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշում ու, պարտադիր կուտակայինը անվանափոխած սոցիալական վճար, հակաժողովրդական օրենք ընդունում: Եվ երբ գեներալները կին են առևանգում, մեսիջ է: Նույնիսկ երբ Շմայսն է հայհոյում, մեսիջ է: Մեսիջ է առ այն, որ մենք ահա այսպիսին ենք: Երբ ԱԺ մի փոխնախագահ սկսնակ դասատուի տոնով մանկավարժական մտքեր է ծամծմում և դաս տալիս իրենց լավ չպահած «աշակերտներին»` խորհրդարանական ընդդիմությանը, մեսիջ է, որ այս մակարդակով ուղղակի ամոթալի է երկիր կառավարելն ու քաղաքականություն խաղալը:
Իսկ երբ երկրի նախագահը դրսում իրեն, ասել է թե, ուզենք-չուզենք, նաև երկրի արժանապատվությանը հասցված վիրավորանքը համարում է սոսկ «տհաճ», ընդ որում` դա զորում է անել միայն սեփական հողի վրա, դա էլ է մեսիջ, որի հիմնական ասելիքն այն է, թե` մենք սա ենք, ու դուք պիտի մեզ հանդուրժեք: Քանզի այլընտրանք չունեք: Ահա հենց այս պարագայում է, որ ապիկար իշխանությունը դառնում է մեկ միասնական սպառնալից մեսիջ:
Ու հիմա՝ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության գլխավոր ու հրատապ գործը, առավել քան երբեւէ, պիտի դառնա սպառնալից այդ մեսիջի վտանգազերծումը, չեզոքացումն ու վերացումը: Թե չէ՝ փրկություն չկա:
Բ. Գասպարյան