Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպորտի վարպետ, գեղարվեստական մարմնամարզության մարզիչ` 47-ամյա Հռիփսիմե Վելիկյանի հայցն ընդդեմ Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի բավարարվել է առաջին ատյանի դատարանի կողմից: Նախորդ տարվա մայիսի 17-ի հրամանով` Հ. Վելիկյանը աշխատանքից ազատվել էր` մեկ ամսում ստացած երկու նկատողությունների հիմքով:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ, հաստատված է համարել, որ մարնամարզության ոււսուչուհու հայցը հիմնավոր է, և այն բավարարել է ամբողջությամբ:
Վճռով անվավեր են ճանաչվել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Պողոսյանի` Հ. Վելիկյանին տրված նկատողությունների մասին հրամաններն ու աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին հրամանը, ինչպեսև բավարարվել է նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջը:
2013-ի ապրիլի 15-ին մարզադպրոցի մեթոդիստ Հովհաննես Գրիգորյանը զեկուցագիր էր գրել, թե իբր երկու օր առաջ Վելիկյանը չի ներկայացել աշխատանքի, և երեխաները չեն անցկացրել դասացուցակով նախատեսված մարզումները: Զեկուցագրի վրա տնօրենի ԺՊ-ի կողմից մակագրվել է «վերցնել բացատրություն», սակայն նույն օրն իսկ ուսուցչուհուն հայտարարվել է «նկատողություն»:
Այս նույն մեթոդիստը ապրիլի 29-ին բոլոր խմբերում ստուգում է անցկացնում և հայտնաբերում, թե Հռիփսիմե Վելիկյանի խմբերում առկա են սահմանված նորմերի խախտումներ`ուսումնամարզական 1-ին և 5-րդ տարվա խմբերում գրանցված երեխաները չեն համապատասխանում տվյալ տարիքային խմբերին: Այս զեկուցագրի վրա չի եղել մակագրություն` ինչ անել, բայց և այնպես մայիսի 13-ին Վելիկյանի հանդեպ կիրառվել է «խիստ նկատողություն վերջին կարգապահական տույժ»: Իսկ չորս օր անց աշխատանքից ազատելու մասին հրամանն է եղել:
Դատարանը վճռում է, որ աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ աշխատողից բացատրություն չպահանջելու և դրա համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու դեպքում կարգապահական տույժերը ընդունման պահից անվավեր են:
Դատարանն անդրադարձել է նաև պատասխանողի ներկայացուցչի այն պատճառաբանությանը, որ Հ. Վելիկյանը մարզադպրոցի սաների ծնողներից 5000-ական դրամ է պահանջել: Yerkir.am-ի հետ զրույցում Հ. Վելիկյանը պատմեց, որ 2013-ի ապրիլին իր սաներից հինգի ծնողները դիմումներ են գրել ոստիկանություն, թե Վելիկյանը դրամահավաքություն է կատարում: Սակայն դրանց ընթացք չի տրվում, քանի որ ապացույցներ չեն լինում, ոստիկանություն են դիմում նաև այլ ծնողներ և հերքում տեղեկությունները:
Իսկ ավելի վաղ` 2012-ի դեկտեմբերին մարզադպրոցի տնօրենի ԺՊ Ա. Պողոսյանը քաղաքապետարանի թեժ գիծ է զանգել, ներկայացել որպես Գևորգ Համբարձումյան, և ասել, թե Հ. Վելիկյանը 5000-ական դրամ է հավաքում երեխաներից: Իսկ վերահսկողության վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ իրականում զանգը կատարվել է հենց Արթուր Պողոսյանի բնակարանից:
Դատարանում ցուցմունքներ են տվել նաեւ Վելիկյանի սաների ծնողները, նրանցից մի քանիսը դարձյալ պնդել են, թե Վելիկյանը գումարներ է պահանջել իրենցից, սակայն դատարանը դրանք հայցը մերժելու հիմք չի համարում: «… քանզի այդ հանգամանքը նախ կարգապահական տույժերի կիրառման և աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմք չի հանդիսացել, բացի այդ` հետաքննիչ Ա. Մանուկյանի 21.06.2013թ. «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է Հռիփսիմե Վելիկյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- նշվում է վճռում:
Պատասխանող կողմն առաջին ատյանի այս վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Արդեն իսկ հայտնի է գործը քննող դատական կազմը: Նշենք, որ առաջին ատյանի դատարանը վճիռը հրապարակել է ապրիլի 28-ին, վերաքննիչ բողոքը, համաձայն «Դատալեքս» դատական տվյալների բազայի, ստացվել է մայիսի 23-ին:
Նշենք, որ կինը նախորդ հրապարակումներում էլ նշում էր, որ աշխատանքից ազատվելու և իր մյուս դժվարությունների հետևում կանգնած է R&V Comfort ընկերության նախագահ Ռուբեն Շահմուրադյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Հ. Վելիկյանը պնդեց, որ Շահմուրադյանները հետապնդում են իրեն ու իր երեխաներին:
Մասնավորապես` մայիսի 13-23-ը Հ. Վելիկյանը եղել է Երուսաղեմում, գնացել է` հոգևոր ճեմարանում սովորող որդուն տեսակցելու, նույն ժամանակահատվածում այնտեղ են եղել նաև Ռ. Շահմուրադյանի կինն ու որդին, ովքեր ցանկացել են մոտենալ, խոսել իր, որդու հետ:
«Պատահական չէր, որ նրանք հայտնվել էին հենց այն նույն խմբում. նույն թռիչքով մեկնել ենք, նույնով` հետ եկել, նույն ավտոբուսով զբոսնել, նույն հյուրանոցում հանգստացել: Բազմիցս հետաքրքրվել են իմ երեխաների ճակատագրով` ո՞ր դպրոց են գնում և այլն: Ես նրանց տեղափոխել եմ, հեռացրել եմ իրենց տեսադաշտից: Իրենք հետապնդում են իրենց ազգակից երեխաներին` օգնելու փոխարեն»,- պատմեց Հ. Վելիկյանը` նշելով, որ նման գործողությունները պետք է իրավապահ մարմիններին հետաքրքրեն: