Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սպառողական շուկայում 2014 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8 տոկոս գնանկում, իսկ ընդհանուր 5 ամիսների կտրվածքով արձանագրվել է 0,9 տոկոս գնաճ. լրագրողներին այսօր վիճակագրական թվեր ներկայացրեց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Բանախոսը նշեց, որ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, ընդհանուր 0,8 տոկոս գնանկման պարագայում, պարենային ապրանքների գները նվազել են 1,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,3 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0,2 տոկոսով: Գնանկումը, ըստ Մարտիրոսյանի, հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գնանկումով, եւ այստեղ արձանագրվել է հետեւյալ պատկերը' պարենային 13 ապրանքախմբերից 6-ում արձանագրվել 0,1-3,4 տոկոս գնաճ, իսկ 7 ապրանքային խմբերում 0,1-12,5 տոկոսի չափով գնանկում է արձանագրվել:
«Առավել բարձր գնաճ' 3,4 տոկոս, արձանագրվել է «միրգ» ապրանքային խմբում, 0,6 տոկոս գնաճ է արձանագրվել, միաժամանակ, հացամթերքի ապրանքային խմբում, 0,7 տոկոս գնաճ' մսամթերքի խմբում, կաթնամթերքը թանկացել է 0,6 տոկոս, այլ մթերքների գներն աճել են 0,4 տոկոսով, ոչ ոգելից խմիչքինը' 0,1 տոկոսով: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է բանջարեղենի ու կարտոֆիլի ապրանքախմբում' 12,5 տոկոս, ձկնամթերքը էժանացել է 0,2 տոկոսով, ձուն' 4,8 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղերը' 0,2 տոկոսով, շաքարավազը' 0,6 տոկոսով, սուրճ-թեյ-կակաոն' 0,2 տոկոսով, հրուշակեղենը' 0,1 տոկոսով»,- հայտնեց Գուրգեն Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, որ 0,1 տոկոսով էժանացել են ոգելից խմիչքն ու ծխախոտը, ինչը պայմանավորված է ոգելից խմիչքի 0,4 տոկոս գնանկմամբ:
2014 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 3,6 տոկոս գնաճ: Այդ թվում' պարենային ապրանքները թանկացել են 1,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքները' 2 տոկոսով, ծառայությունների սակագների աճն էլ կազմել է 7,8 տոկոս: Ծառայությունների սակագների աճի բարձր տեմպը, ըստ Մարտիրոսյանի, պայմանավորված է նախորդ տարվա հուլիս-օգոստոսին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ:
5 ամսվա կտրվածքով' մայիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ, պարենային ապրանքներից ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղենի ու կարտոֆիլի ապրանքախմբում' կազմելով 18,7 տոկոս աճ: Գնաճ է արձանագրվել, միաժամանակ, կաթնամթերքի գծով' 9,3 տոկոս, 1,2 տոկոսով թանկացել է ձուն, հացամթերքը թանկացել է 0,5 տոկոսով, սուրճը, թեյն ու կակաոն' 1,2 տոկոսով, ոգելից խմիչքն ու ծխախոտն էլ' 1,2 տոկոսով: Այդ ժամանակահատվածում գնանկում է արձանագրվել մսամթերքի խմբում' 0,9 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղի գծով' 6,5 տոկոսով, մրգի գները նվազել են 16,2 տոկոսով, շաքարավազի գները` 13 տոկոսով:
2014 թվականի հունվար-մայիսին, համեմատած 2013 թվականի հունվար-մայիսի հետ, կուտակային ցուցանիշով արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ, այդ թվում' պարենային ապրանքների գներն աճել են 2,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը' 2,6 տոկոսով եւ ծառայությունների սակագները' 8,5 տոկոսով:
Այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետության 11 քաղաքներից 10-ում արձանագրվել է գնանկում' 0,1-1,2 տոկոսի չափով: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Գավառ քաղաքում: Երեւանում նշված ժամանակահատվածում գնանկումը կազմել է 0,8 տոկոս, իսկ Եղեգնաձորում գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, անփոփոխ է մնացել:
Այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, դիտարկված 470 անուն ապրանք-ծառայություններից 251-ում արձանագրվել է գնաճ, 169-ում' գնանկում, իսկ 50 ապրանք-ծառայությունների գծով գները մնացել են անփոփոխ: 12-ամսյա պարբերականության պարագայում, նշեց բանախոսը, 470 անուն ապրանք-ծառայություններից 325-ի դեպքում արձանագրվել է գնաճ' թանկացում, 129-ի գծով' գնանկում, եւ 16 ապրանք-ծառայությունների գներ են մնացել անփոփոխ:
«Եթե առանձին ապրանք-ծառայությունների տեսանկյունից դիտարկելու լինենք, ապա մայիսին, ապրիլի համեմատ, առավել բարձր գնաճ արձանագրվել է խաղողի գծով' շուրջ 21 տոկոս, գազարի գներն աճել են 21 տոկոսով, տանձինը' 14,7 տոկոսով, սխտորինը' 14 տոկոսով, կարտոֆիլինը' 7,3 տոկոսով: Խնձորի գները վերջին 1 ամսում աճել են 7,3 տոկոսով, ոչխարի մսինը' 5,5 տոկոսով, սեղանի ճակնդեղինը' 4,6 տոկոսով, խոզի մսինը' 4,5 տոկոսով: Առավել ցածր գնաճ է արձանագրվել մակարոնի գծով' 3,7 տոկոսով, առաջին տեսակի գները վերջին մեկ ամսում աճել են 0,9 տոկոսով, բարձր տեսակի հացի գները' 0,3 տոկոսով, իսկ առաջին տեսակի հացինը' 0,5 տոկոսով»,- ներկայացրեց Գուրգեն Մարտիրոսյանը' հավելելով, որ վերջին մեկ ամսում ամենաշատն էժանացել է վարունգը' շուրջ 63 տոկոսով, խառը կանաչին էժանացել է շուրջ 53 տոկոսով, կանաչ սոխը' շուրջ 40 տոկոսով, սմբուկը' 18,9 տոկոսով, կանաչ պղպեղը' 13,7 տոկոսով, սունկը' 13 տոկոսով, լոլիկը` 12,7 տոկոսով, բողկը' 7,2 տոկոսով, ելակը' շուրջ 10 տոկոսով
Ծառայությունների գծով էլ առավել բարձր նվազում է արձանագրվել զբոսաշրջության ոլորտում' 5,3 տոկոս, օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրումն է էժանացել շուրջ 5 տոկոսով: Իսկ ծառայությունների ոլորտում ամենաշատը բարձրացել են առողջարանների' կացության, բուժման, ծառայությունների մատուցման, սպասարկման գները' 4,4 տոկոսով:
Բանախոսը «բոթ» ուներ նաև ծխողների համար' վերջին մեկ տարում արձանագրվել է նաև սիգարետների որոշ տեսակների թանկացում, մասնավորապես' ամենաշատը թանկացել է «Չիբուխ»-ը' 17,8 տոկոսով, հաջորդ տեղում «Գառնի»-ն է` 9,7 տոկոսով:
Գեղեցկության սրահներ այցելողներն էլ պետք է հիասթափվեն, քանի որ վարսահարդարման ծառայությունները, ըստ ԱՎԾ դիտարկման, թանկացել են շուրջ 15-16 տոկոսով: