Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով` բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը /1973-1978/: 1979-1990թթ. աշխատել է ԵՊՀ հրատարկչությունում 1991-1993թթ.` Հայաստանի Հանրագիտարանում: 1990-1992թթ. աշխատանքին զուգահեռ հեռուստատեսության առաջին ալիքի «Թատերական հյուրասենյակ» հաղորդաշարի հեղինակն էր և վարողը: 2002-2009 թթ. «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության «Մեր թատրոնը», ապա «Մշակույթ» հաղորդաշարերի հեղինակն էր և վարողը: 1988թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2001թ. պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները» թեմայով և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2005-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:
Արզումանյանը հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է: 1993 թվից Լ. Արզումանյանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն էր, 2013-2018թթ.` Հանձնաժողովի նախագահը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերին ոստիկանությունը բուհում մի շարք չարաշահումներ էր հայտնաբերել, մասնավորապես` բուհում գրացված է եղել մի դասախոս, որը դասերին չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել: Պարզվել է նաև, որ 2016-ից տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից, որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ, վատնվել է շուրջ 8,150,000 դրամ։
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե անգամ բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը ներգրավված չլինի կոռուպցիոն սխեմաների մեջ, ապա, միևնույն է, կառավարման պատասխանատվության հարց է առաջանում: