կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-22 17:46
Հասարակություն

«Ես Արայիկ Հարությունյանի մարդը չեմ». ուսանողները թատերականի դռները չեն բացում

«Ես Արայիկ Հարությունյանի մարդը չեմ». ուսանողները թատերականի դռները չեն բացում

Թատերական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը, որի դեմ բողոքի ակցիա են իրականացնում ուսանողները, քիչ առաջ զրույց ունեցավ ուսանողների հետ: Ասաց, թե նախապես որոշել էր չմասնակցել ընտրություններին, բայց ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից հետո եկել են ընդհանուր եզրահանգման` ինքնաբացարկ չներկայացնել:

«Վստահեցնում եմ` ես Արայիկ Հարությունյանի մարդը չեմ, եթե նրա մարդը լինեի, ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից չէի ազատվի: Այն զգացողությունները որ հիմա ես ունեմ, չէի ցանկանա, որ ձեզնից որևէ մեկն այդ նույն զգացողություն ունենար»,- ասաց Արզումանյանը:

Նա նշեց` առավելագույնը, որ կարող է անել, ուսանողների հետ բարիդրացիական հարաբերություններ ապահովելն է:

Ուսանողները, սակայն, դրան էլ էին դեմ, «հրաժարական» էին վանկարկում:

Տեսնելով, որ ուսանողներն անդրդվելի են, Լիլիթ Արզումանյանն ասաց` որոշում կկայացնի, ու դա կհրապարակի վաղը: Ուսանողները համաձայնեցին ` ընդգծելով, որ այսօր ինստիտուտից չեն հեռանա:

ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ երկարատև բանակցություններից հետո ուսանողները որոշեցին ներս թողնել ոստիկաններից մեկին: Եկավ, զրուցեց, ինչ-ինչ խորհուրդներ տվեց ու անցավ ոստիւկանության ավանդական գործելաոճին` փորձելով ակտիվ երիտասարդներից մեկի հետ առանձին զրույց ունենալ: «Պա'պ ջան, մի րոպե առանձնանք, խոսենք»,- երիտասարդին դիմելով` ասում էր ոստիկանը, բայց նա դեմ էր: «Առանձին խոսելու բան չկա»,- նշում էին ուսանողները:

Պայմանավորվածության համաձայն` ոստիկանը ԱԺ պատգամավորի հետ զրույցելուց հետո պետք է լքեր բուհի տարածքը, բայց դա անել չէր ուզում: «Մնամ` պահպանելու, հսկելու հասարակական կարգը»,- ասում էր նա: Ուսանողները դեմ էին: Ի վերջո, Բադալյանի հետ խորհրդակցելուց հետո, նաև անսալով նրա հորդորին` ոստիկանը դուրս եկավ բուհից:

Ուսանողների ցույցը շարունակվում է: