Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՊՀ երկրների ցանցային համալսարանի շրջանակներում ամփոփիչ ատեստավորում են անցնում ԵՊՀ այն ուսանողները, ովքեր ստանալու են կրկնակի դիպլոմ:
Այս տարի մագիստրոսական այդ ծրագիրն ավարտեց 4 ուսանող` ԵՊՀ ռուս բանասիրության, 6-ը՝ միջազգային հարաբերությունների, 1-ը՝ տնտեսագիտության և 3-ը՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներից: Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո ԻԿՄ ֆակուլտետի ուսանողները կստանան ԵՊՀ-ի և Ուրալի դաշնային համալսարանի, իսկ մյուսները` ԵՊՀ-ի և Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի (РУДН) դիպլոմներ: Ատեստավորումն անցկացնում են գործընկեր բուհերի մասնագետներից կազմված հանձնաժողովները:
«Մեր համագործակցությունը Ցանցային համալսարանի շրջանակներում շարունակվում է: Մենք հիմա ուսանողներ ունենք Մոսկվայում, ունենք ուսանողներ, որոնք աշնանն են գնալու Մոսկվա՝ մագիստրատուրայի առաջին կուրսն անցնելու համար: Արդյունքն էլ այն է, որ մենք հայաստանյան առաջին բուհն ենք, որն արդեն ունի համատեղ մագիստրոսական ծրագրի` 40-ից ավելի շրջանավարտ»,- ասում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
Նշենք, որ արդեն 3-րդ տարին է, ինչ ԵՊՀ ուսանողները ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակներում ստանում են կրկնակի դիպլոմ: Դրանից բացի՝ ԵՊՀ-ն նմանաբնույթ ծրագիր է իրականացնում նաև գերմանական Ռոստոկի համալսարանի հետ:
«Այս ծրագրով սովորելը մի քանի առավելություն է տալիս: Նախ` գիտական առումով, որովհետև կարողանում ես գիտական աշխատանքդ կատարել երկու դասախոսների ղեկավարությամբ: Մեր ու այնտեղի միջավայրերն էլ էին տարբեր, ինչը մեզ օգնում էր»,- ասում է ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Գասպարյանը, ով այս տարվա շրջանավարտներից է:
Ցանցային համալսարանը ԱՊՀ մի շարք համալսարանների միջև իրականացվող կրթական ծրագիր է, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում սովորելու երկու գործընկեր համալսարաններում միաժամանակ (մեկ տարի` սեփական բուհում, մեկ տարի` համագործակցող բուհում), որի արդյունքում նրանք կարող են ստանալ երկու համալսարանների ավարտական փաստաթղթեր: