Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր կրկին հանրային ուշադրության կենտրոնում է:
Մինչ դա՝ հիշեցնենք նրա հետպատերազմյան անցյալի խրոնոլոգիան: Պատերազմի փուլում՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ին, Ապարանցի Ռազ մականվամբ հայտնի Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի տեղակալ: Դավադիր պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն շաբաթ հայրենիք էր հանձնում, Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող շոումենների թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը: Ի դեպ, Ապարանի քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը Քարվաճառում ուներ և ՀՀ-ում ունի բիզնեսներ, նա նաև պատերազմի ժամանակ Քարվաճառում գտնված «Ապարան» ջոկատի հրամանատարն էր:
Մամուլն այդ օրերին գրեց, որ, կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել որոշ աշխարազորայինների և այլոց: Արդեն պարզորոշ էր, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ օրվա հերոսն էր: Ի դեպ, 2020 թ. նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում ռազմական դրության պայմաններում տեղի ունեցած զինվորական համազգեստավորների չարտոնված հավաք-շոուն, ըստ ամենայնի, դա նախաձեռնել էր հենց Ռազմիկ պետրոսյանը: Փաշինյանի այդ կրկեսի արտառոց կողմն այն էր, որ մինչ այդ և հետագայում իբր չարտոնված հավաք անցկացնելու համար զանգվածորեն բերման էին ենթարկվում մարդիկ, իսկ երկակի ստանդարտների սիրահար Փաշինյանը ոչ միայն չցրեց այդ հավաքը, այլ ներկա գտնվեց և գրկախառնվեց մասնակիցների հետ:
Հետպատերազմյան այդ դժոխային փուլում Ռազմիկ Պետրոսյանը շարունակում էր անձնուրաց ծառայություն մատուցել նաև հայրենի Ապարանում՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և իր ջանքերով նախաձեռնելով հավաքներ, որոնց միջոցով հաշիվ էին պահանջում քաղաքապետից՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին միանալու համար։
Շարունակելով իր ծառայությունները՝ Ապարանցի Ռազը, լինելով ընդամենը մի քանի օրվա նշանակված մարզպետ, 2021 թ. արդեն իր մոտ էր հրավիրում մարզի դպրոցների տնօրեններին, գյուղապետերին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին և, կիրառելով վարչական ճնշում, ստիպում նրանց, ձայն հավաքելուց բացի, մտնել ՔՊ-ի ցուցակը և դառնալ ավագանու թեկնածու։
2021 թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց՝ մամուլն ահազանգեց, որ Ապարանցի Ռազն այդ պաշտոնին է նշանակվել կեղծ դիպլոմով: Այդուհանդերձ, թեև հանցագործության արդյունքում պաշտոնի նշանակվածն ազատվեց մարզպետի պաշտոնից, սակայն դրան որևէ իրավական գնահատական չտրվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրում: Փոխարենը, կատարված արարքի համար պատասխան տալու և պատժվելու փոխարեն, Ռազմիկ Պետրոսյանը ընդամենը մեկ ամիս անց՝ 2022 թ. փետրվարին, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական: Աբսուրդը նաև այն է, որ Ապարանցի Ռազը նշանակվել է մի պաշտոնի, որի համար ևս անհրաժեշտ է բարձրագույն կրթություն:
Վերադառնալով օրվա խորհրդին ու հերոսին՝ նշենք, որ այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր այցելած Ռազմիկ Պետրոսյանն առանց այլևայլության հայտարարել է, թե, ուշադրություն, «միավորվելու ենք և Արցախը վերականգնենք»։ Սա ասում է պաշտպանության գործող նախագահի գործող խորհրդականը, այն նույն Սուրեն Պապիկյանի, ով մինչ 2022 թ. եղել է ՔՊ վարչության նախագահը, իսկ 2022 թվականից՝ ՔՊ վարչության անդամ է: Իշխող կուսակցություն, որը Արցախը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի կազմում:
Հարց Նիկոլ Փաշինյանին՝ կարո՞ղ եք կողմնորոշվել, Արցախը Ադրբեջա՞ն է, թե՞ ՊՆ խորհրդական Ապարանցի Ռազը հետ է բերելու: Միգուցե նրան է միացել նաև մերօրյա «սպարապետ» Սուրեն Պապիկյա՞նը, տեղյա՞կ եք:
Վահե Սարգսյան