կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 17:39
Տնտեսական

Կառավարությունը նորություններ է առաջարկում արդյունաբերական քաղաքականության ոլորտում

Կառավարությունը նորություններ է առաջարկում արդյունաբերական քաղաքականության ոլորտում

Կառավարությունն իր նոր ծրագրով նախատեսում է առավել շեշտադրված  արդյունաբերական քաղաքականություն իրականացնել' տնտեսության կառուցվածքում դրա տեսակարար կշռի ավելացման և տնտեսական աճին դրա նպաստն ավելացնելու նպատակով` որպես բարձր արտադրողականություն ունեցող և տնտեսության մյուս ճյուղերի համար շարժիչ ճյուղ:

 

Արդեն նշվել է, որ կառավարության ծրագրում պահպանվում է նախորդ կառավարության ծրագրով ամրագրված' արտահանման խթանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շարունակումը: Բայց այդ քաղաքականությունը կշարունակվի առկա գործիքակազմի ընդլայնմամբ, ինչպես նաև կհամալրվի նոր ու արդիական գործիքակազմով:

 

Այս ուղղությամբ կառավարությունը խոստանում է աջակցող կառույցների օպտիմալացում և ակտիվ ներդրումային քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում: Մասնավորապես' պետք է ստեղծվի ներդրումների և արտահանման խթանման կառույց:

 

Հաջորդ նորությունը, որ առաջարկում է կառավարությունը, Հայաստանի մի քանի խոշոր (այդ թվում' պոտենցիալ) առևտրային գործընկեր երկրներում հայկական առևտրային տների ստեղծմանն աջակցությունն է:

 

Նոր կառավարության կողմից շրջանառության մեջ դրված ամենաուշագրավ նորություններից մեկն էլ սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացումն է, ընդ որում' ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված  ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման գործիքի վերանայում՝ շեմի աստիճանական իջեցմամբ:

 

Սա, ինչպես նշում են տնտեսագետները եւ այս մոտեցման համախոհները, կօգնի, որպեսզի ձեռներեցները դեռեւս չստացած շահույթի համար հարկ չմուծեն ու հետաձգված ծախսերի շնորհիվ գոյացած միջոցները կարողանան լրացուցիչ շրջանառության մեջ դնել: Իհարկե, մոտեցման հակառակորդներից ոմանք էլ նշում են, թե դրանով պետական բյուջեի մուտքերը կքչանան:

 

Նոր կառավարության ծրագիրը նախատեսում է նաեւ արտերկրում հայկական ապրանքների առաջմղման խոչընդոտների բացահայտում և միջազգային համաձայնագրերում անհրաժեշտ լրացումների նախաձեռնում: Սա ևս կարևոր մոտեցում է, եթե իրականացվի, քանի որ արտահանողներին միայնակ չի թողնում օտար երկրների դեմ:

 

Կառավարության առաջարկած նորություններից է լոգիստիկ կենտրոնների հիմնադրման և գործարկման խթանումը, հետո' ռազմատնտեսական համալիրի մասով նպատակային ծրագրերի իրականացում' գիտատար և հեռանկարային ճյուղերի զարգացման նպատակով արտերկրի հետ համագործակցության խորացման հնարավորությունների առավելագույն իրացմամբ:

 

Բայց նոր կառավարության ծրագրի ամենաուշագրավ նորություններից մեկը գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների կողմից տեղական ընկերություններին տրված պատվերների շրջանակում նորարարական աշխատանքների իրականացման դեպքում դրամաշնորհների տրամադրումն է' նախագծի ծախսերի մինչև 50 տոկոսի չափով, ինչպես նաև նորարարությունների արտոնագրման ծախսերի համաֆինանսավորումը։ Սա իրական աջակցություն կարող է հանդիսանալ ոչ միայն այս ոլորտում հայաստանյան ձեռնարկությունների կայացման ու զարգացման գործում, այլեւ կարող է մեծացնել հայկական ընկերությունների գրավչությունը միջազգային շուկաներում: Սակայն արժե նշել, որ կառավարության ծրագրում չի նշվում, թե որտեղից են հայթայթվելու այս ամենի համար անհրաժեշտ միջոցները, ինչ ժամկետներում են իրականացվելու նախանշված դրույթները եւ այլն: