կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 17:52
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զբոսաշրջության ոլորտում հակաճգնաժամային ի՞նչ ծրագրեր է առաջարկում կառավարությունը․ կոմիտեի նախագահի պարզաբանումը

Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով ամենատուժած ոլորտներից է և այս պահին զբոսաշրջային այցելությունները Հայաստանում և աշխարհում ձգտում են 0-ի՝ ըստ Yerkir.am-ի ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց աջակցության այն մեխանիզմները, որոնք թեև ուղղված չեն հատկապես այս ոլորտին, բայց կիրառելի են նաև զբոսաշրջային բիզնեսի համար։

«Առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում․ երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել վարկավորման՝ իրենց կողմից 50 տոկոս վարկային միջոցների և ևս 50 տոկոս պետության աջակցությամբ ֆինանսավորում ստանալու համար, որն իրենք կարող են ծախսել իրենց աշխատակիցների աշխատավարձերի վճարումներ կատարելու, պետական կամ համայնքային բյուջեի տուրքերի վճարումներ կատարելու և իրենց կոմունալ ծառայությունները վճարելու համար»,-ասաց Սուսաննա Սաֆարյանը։

Սա, ըստ նրա, մի փոքր կարող է մեղմացնել կորուստները, բայց ամբողջությամբ ծածկել չի կարող բոլոր կարիքները։

Մեկ այլ նախագիծ նախատեսում է վարկավորում փոքր և միջին ձեռնարկությունների համար․ «Նախատեսվում է վարկավորում այն բիզնեսների համար, որոնց շրջանառությունը 24-500 միլիոն դրամ է․ մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսվա ընթացքում վճարումներ նախատեսված չեն, հետո 2 տարի մայր գումարը առանց տոկոսի և միայն վերջին՝ 12-րդ ամսում տոկոսավճարով օգտվում են վարկավորումից»։

Այսօրվա կառավարության նիստում ներկայացված նախագծերից, ըստ Սուսաննա Սաֆարյանի, զբոսաշրջային ոլորտի համար կիրառելի է աջակցությունը աշխատակիցների աշխատավարձերի վճարումների տեսքով։

Նախագծերը հասանելի են gov.am կայքում։

Այս 3 միջոցառումների տակ զբոսաշրջային սուբյեկտները որոշակի չափով կարող են տեղավորվել, ասաց նա, որոնք դուրս են մնում, քննարկվում է՝ ինչպես աջակցել։

Հյուրանոցներում կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման աշխատանքների մասին ասաց, որ այս պահին պահանջվում են 50 և ավելի սենյակներ ունեցող հյուրանոցներ և դիտարկվում են Երևանը, Ծաղկաձորն ու Դիլիջանը․ «Ով պատարստ է՝ Զբոսաշրջության կոմիտեի կայքում տեղադրված հայտով կարող է դիմել»։

Նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակում 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան, երկրորդ եռամսյակի պատկերը ավելի վատ կարող է լինել, քանի որ սահմանները փակ են՝ ասաց Սաֆարյանը։ Թվային կորուստները հաշվելու համար կարելի է մեկ զբոսաշրջիկի շնչին ընկնող արժեքով՝ 175 հազարը բազմապատկել 770 դոլարով, որը մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսն է Հայաստանում։

Այս ոլորտում դժվարություն առաջացնող հիմնական ծախսերը կոմունալ ծառայություններն են, աշխատակիցների աշխատավարձերը և հարկային բեռը։ Կոմիտեի նախագահն ասաց՝ սրանք կրիտիկական կարիքներն են և աջակցության գործիքակազմը որոշակի ծածկում է այս կարիքները։

Այնինչ, շատ տնտեսվարողներ նշել են, որ իրավիճակը չշտկվելու պարագայում, հնարավոր է, լուծարեն բիզնեսը։

Մանրամասն՝ տեսանյութում․