Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բեռլինի հաղթանակի դրոշը որ բրձացրել են, էնդեի Քոչարին իմ հերն ա նվագել»,- ներկայանում է Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր գյուղի 63-ամյա բնակիչ Աշոտ Հայրապետյանը: Նրա տանը հոր մեդալներից չկա: Փոխարենը Արցախյան ազատամարտին մասնակցած երկու որդիների, նաեւ իր շքանշաններն են: Բոլոր շքանշանների վրայից կորել է արտադրական փայլը: Պատվոգրերը, կարծես, նախապատմական թղթից լինեն: «Ոչ մի բանի տեղ չի անցնում»,- դրանք ցույց տալով` դժգոհում է թոշակառու մարդը:
Որդիներից մեկը՝ Արշակը, սպանվել է Հորադիզում 1994-ի մայիսին: Մայրն ասում է՝ վերջին զոհն էր: Իրականում՝ զինադադարի առաջին զոհն է, քանի որ սպանվել է զինադադարից 12 օր հետո: Տան մի անկյունում զոհված որդու լուսանկարներն են, նաեւ` մյուս որդիների պատվոգրերը, մեդալները: Մեդալներից մեկը դրված է գլխիվայր: «Տղայիս կորցրինք, իմ ընտանիքի համար հայրենասերի անուն ձեռք բերինք»,- Արցախյան ազատամարտն ամփոփում է Աշոտ Հայրապետյանը:
Հիմա նա արդեն ադրբեջանցու հանդեպ թշնամանքի զգացում չունի՝ ես թուրքին եմ կրակել, թուրքն ինձ ա կրակել: Երբ այս մարդը սահմանի բերանին հերթապահություն է արել, ադրբեջանցին նրան հաց ուտելու է հրավիրել: Հին հաշիվներ են պարզել դիրքերում: «Արտաշի Խաչիկին ասա` փողերս բերի, ամոթ ա»,- սահմանի մյուս կողմից բղավել է ադրբեջանցի ծանոթը: «Ասի, արա', Արտաշի Խաչիկը հեն է` Ռուսաստան»: Աշոտ Հայրապետյանը համոզված է, որ ադրբեջանցիներն էլ պատերազմ չէին ուզում:
Աշոտ Հայրապետյանն ուզում է գնահատված լինել, «որ պետք ըլնի, էլի կեթանք»: Պատերազմին որդի զոհաբերելն, ըստ նրա, կատակ բան չէ, բայց չեն գնահատում: Մի անգամ կանչել են Ճամբարակ եւ ցույց տվել, թե ինչպես են գնահատում այլ ազատամարտիկներին: Բորբոքվել է. «Առանց մեզ ովքեր եք դուք»: Բարեբախտաբար, պատերազմի հերոսների մասին մի գիրք է հրատարակվել, որտեղ մի էջը նվիրված է որդուն: Արծվաշենի անվտանգ նահանջն ապահովողներից է այս մարդը, նրան դիմել է նույնիսկ գեներալ Սեյրան Սարոյանը՝ ճանապարհ բացի, ես փախչեմ, մի կերպ պրծնեմ ստեղից: «Հմի չեն ուզում ճանաչած ըլնեն»,- բորբոքված շարունակում է 63-ամյա այս մարդը:
Հայրապետյանների ընտանիքը բազմամարդ է, հայրն է, մայրը, որդին, կինը, նրանց որդին ու դուստրը: Ընտանիքի մեծ տղան՝ Հայրապետը, դարձյալ ազատամարտի մասնակից, Ռուսաստանում է, «զզվել է, թողել, գնացել»:
«Ես էլ կուզեմ աշխատեմ, որ լավ ապրենք»,- ասում է մայրը՝ Ռոզա Հայրապետյանը: Նրա որդիներից մեկի՝ Արտակի աջ աչքը վնասված է` «նավթուլն ա ծակել»: Եթե տղայի աչքը վիրահատեն, գոհ ու երջանիկ կլինի: Ուզում է, որ «զոհվածի ընտանիք» կարգավիճակն աշխատի. «Թոշակ ենք ստանում, մի հատ թոշակով չենք կարում վիրահատենք»: Չգիտեն, թե ում դիմեն: Հողը փող չի բերում: Միայն կարտոֆիլ են աճեցնում ուտելու համար: Անասուններ ունեն, բայց դրանք վաճառքի ենթակա չեն: Իրավիճակից ելք են առաջարկել գյուղ ժամանած «մեդալասերները»՝ վաճառեք ձեր մեդալները: «Ասում եմ՝ տղա' ջան, էս մեդալները ես աշխատել եմ, 500 դրամով քեզ տա՞մ...»:
Զրույցին հանկարծ միջամտում է աչքի խնդիր ունեցող փոքր որդին: «Մի րոպե սուս արա»,- դիմում է նա հորը: Եվ հողին է հավասարեցնում հոր եւ մոր ամբողջ դժգոհությունն այն մասին, որ զոհվածի ընտանիքին հիշող չկա: «Մի հատ ծաղիկով գոնե հիշում են, շնորհակալություն ՊՆ-ին էլ, ոստիկանության պետին էլ: Մենք մեր ուժերով ապրում ենք»,- ասում է փոքր որդին՝ մոտ 33-ամյա Արտակը: Եվ իսկապես` սենյակի տարբեր հատվածներում արհեստական ծաղիկներ են` բնական դեկորացիա գյուղական ընտանիքների համար: Թանգարանային ուղեկցորդի նման մանրամասնում է՝ սա Սարգսյանն է ուղարկել, սա զորամասի հրամանատարը: «Մեկ էլ ըսենց փոքրիկ մանուշակ»,- ժպիտով ավելացնում է Արտակի կինը: Հայրն ու մայրը խեղճանում են: Նրանք չեն ուզում հակադրվել հաղթականորեն սենյակ մտած որդուն, որն իր աչքի վիրահատության մասին հրաժարվում է խոսել: Ավելին` սառը ջուր է լցնում հոր այն խոսքի վրա, որ եթե ուզենան, զոհվածի ընտանիքին աշխատանքով կապահովեն: «Չկա»,- մեկ բառով ամբողջ պետության անունից թեման փակում է Արտակը:
Այս ընտանիքը նախ ցավակցության կարիք ունի, գյուղացիներն իրար ամեն ինչ ասել են, ամեն օր այցելում են միմյանց, գյուղ են դուրս գալիս, սակայն տեսնում են ավերված եւ մետաղի ջարդոն դարձած գյուղտեխնիկան. գրեթե բոլորի բակերում այդպիսի տեխնիկա կա: Գյուղապետարանի դիմաց հավաքվածները` բոլորն էլ պատերազմի մասնակից եւ նույնիսկ զինվորական կոչումներով, ասում են՝ էս գյուղին տեխնիկա է պետք: «Լիքը ցանքատարածություն ունենք, բայց մշակող չկա»,- ասում է պաշտոնաթող մայոր Աշոտ Թուղթարյանը: Գյուղում վերջին անգամ ցորեն ցանվել է 3-4 տարի առաջ:
Թթուջուր վաղուց ոչ մի ղեկավար այր չի մտել, պատգամավորին՝ ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին, տեսել են 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ: Գյուղը, Ճամբարակի համեմատ, այդքան էլ սահմանամերձ չէ` սահմանից հեռու է մոտ 7 կիլոմետր, անհասանելի է դիպուկահարին, բայց ոչ` հրձիգին: Այստեղ վաղուց ոչ մի տուն չի նորոգվում կամ վերանորոգվում: Պատուհանների փեղկերից թափվում է մի քանի տարի առաջվա ներկը: Փոխարենը գյուղից դուրս բերող ճանապարհին եկեղեցի է կառուցվում: Նարնջագույն քարով: Դա եկեղեցու դիմաց գտնվող գյուղի հանքային աղբյուրի գույնն է: Հենց դրան են գյուղացիներն ասում թթու ջուր, որը խորհուրդ է տրվում երկաթի պակաս ունեցողներին: Աղբյուրի այցելուները շատ չեն, ոչ մի գործարարի մտքով չի անցնում այն դարձնել արտադրություն: Թթուջրի աղբյուրի բարձունքին ինչ-որ ազատարար զինվորի արձան է, գյուղացիները չեն կողմնորոշվում՝ հայ ազատարա՞ր է, թե՞ ռուս: «Ով էլ լինի, վնաս չկա»,- ասում է մեզ հուշարձան ուղեկցող երիտասարդ զինվորականը:
Հրաժեշտին հենց հուշարձանի բարձունքից նա հայացքով «վերցնում» է ամբողջ գյուղը՝ 64 երիտասարդ է անվերադարձ հեռացել, «էն երիտասարդները, որ փակ աչքերով մահի կգնան»: Զինվորականն ուզում է իմանալ՝ եկեղեցին ո՞ւմ համար է կառուցվում: Դիմացի սարին երեւում են մեր դիրքերը՝ էս դիրքն ո՞ւմ համար է: Փոքր-ինչ ձախ գերեզմանոցն է: «Էն ա մեր բոլորի սրբությունը»,-արտագաղթի դեմ իր վերջին հուսահատ «կրակոցն» է արձակում գրեթե սահմանամերձ գյուղի զինվորականը:
Սեյրան Հանոյան