Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախքան սեռական կյանքով ապրելը հղի կանայք պետք է խորհրդակցեն հղիությունը վերահսկող բժշկի հետ, քանի որ իրականում գոյություն ունեն մի շարք հակացուցումներ: Դրանք են՝
- հղիության ընդհատման վտանգը,
- հղիությունը վատ կրելը կամ բարդությունները,
- հեշտոցային արյունահոսությունը,
- վաղաժամ ծննդաբերությունը,
- պտղաջրերի հոսքը,
- ընկերքի ցածր կամ ոչ ճիշտ դասավորությունը,
- բազմապտուղ հղիությունը,
- զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը:
Հետաքրքիր է այն, որ հղիության ժամանակ սեռակենակցման առաջին` գրգռման փուլում հավելյալ արյունը մուտք է արդեն իսկ արյամբ հագեցած հեշտոց, որը այդ շրջանում էապես փոխված է: Նոր, ուժգին արյունալեցման հետևանքով հեշտոցի պատերը փխրունանում, դառնում են առավել առաձգական: Ոչ հղի կնոջ արգանդի վզիկը գրգռման փուլում մեծ քանակությամբ արտազատուկ է արտադրում: Հղիության ընթացքում վզիկի ծորանը լցված է թանձր լորձով (լորձային խցան), և գրգռման փուլում արտազատուկ չի արտադրվում, բայց դա չի անդրադառնում հարաբերության «որակի» վրա, քանի որ հեշտոցի պատերը եղածից ավելի են խոնավացած:
Եթե հղիության առաջին վեց ամսվա ընթացքում օրգազմն ուղեկցվում է հեշտոցի կայուն մկանասեղմումներով, ապա վերջին երեք ամսում, այդ օրգանի արմատական փոփոխության պատճառով կծկումներ գրեթե չեն զգացվում: Հղիության վերջին երեք ամսում օրգազմի ժամանակ արգանդի կծկումներն ավելի ուժգին և հաճախակի են լինում: Հղի կնոջ արգանդը օրգազմի ժամանակ երբեմն ենթարկվում է ուժգին կրճատումների, երբեմն մինչև կես ժամ տևողությամբ, բայց դա բացասաբար չի անդրադառնում նրա օրգանիզմի վրա:
Լիցքաթափման փուլում հղի կնոջ ավելորդ արյան հետհոսքը սեռական օրգաններից «հապաղում է»` արգելակելով սեքսուալ լարվածության թուլացման պրոցեսը, իսկ նրա զգայական զգացողությունները ծայրաստիճան սրված են լինում: Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, անտեղի լացկանությունից, մշտական քնկոտությունից, ուշաթափություններից և սրտխառնոցից: Տհաճ այս երևույթները գցում են կնոջ տրամադրությունը, դյուրագրգիռ դարձնում նրան և նվազեցնում սեռական ցանկությունը: Այս շրջանում տղամարդը պարտավոր է առավելագույն նրբանկատություն և հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարել իր առջև ծառացած ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները:
Եթե ծննդաբերությունը անցել է անվտանգ, չկան կտրվածքներ ու հեշտոցի պատռվածքներ, չեն եղել վիրահատական միջամտություններ, խորհուրդ է տրվում 6-8 շաբաթ հայտարարել սեքսուալ դադար: Մեկ այլ հարց է, որ ոչ բոլոր զուգընկերներն են դիմանում այդքան երկար ժամանակ: Այս կապակցությամբ կարելի է խորհուրդ տալ նրանց զերծ մնալ մերձեցումից այնքան ժամանակ, մինչև վերանա արյունային արտադրությունը:
Պետք է գիտենալ նաև, որ կրծքով կերակրող մայրերի մոտ սեռական գրգռվածություն առաջանալու ժամանակ պտուկներից կարող է կաթի հոսք սկսվել: Պետք է պատրաստ լինել նաև լրացուցիչ քսուքների օգտագործմանը: Նախապես արժե նաև քննարկել մանկաբարձ-գինեկոլոգի հետ հետծննդաբերական շրջանում հակաբեղմնավորիչների օգտագործման հարցը: Հակառակ տարածված կարծիքի` կրծքով կերակրումը հաճախ ուղեկցվում է ձվարանների սովորական աշխատանքի վերականգնումով: Ծննդաբերությունից հետո՝ առաջին օվուլյացիայի ժամանակ, կարող է տեղի ունենալ բեղմնավորում, և սկսվի անցանկալի հղիություն:
Եթե հղիության առաջին եռամսյակի անախորժությունները երկրորդ եռամսյակում այլևս սպառնալիք չեն և չկան հակացուցումներ, ապա կարելի է հանգիստ տրվել սիրո վայելքին, որի ցանկությունը երկրորդ եռամսյակում ավելի է մեծանում: Սակայն այս պարագայում կարող է խանգարել արդեն մեծացող փորիկը: Այս խնդիրն էլ լուծելի է, եթե դիրքը ճիշտ է ընտրված: Առավել հարմար է «գդալի» դիրքը, այսինքն՝ կողքի վրա: Հղիության միջին ժամկետներում բավականին բարենպաստ է այն դիրքը, երբ կինը նստած է զուգընկերոջ ծնկներին` մեջքով դեպի նա: Որոշ դիրքեր, երբ կինը գտնվում է վերևում, հարմար են նաև հղիության վերջին ամիսներին: Հարմար է նաև ծնկարմունկային դիրքը, սակայն ցանկալի է փափուկ բարձեր տեղադրել կրծքի և փորի տակ:
Այսպիսով, սեքսի մասին հղիության ընթացքում և դրանից հետո կարելի է ասել մեկ ընդհանուր բան` այն անհրաժեշտ է, սակայն եթե կատարվում է նրբորեն ու քնքշությամբ:
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու