Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիի առանձնակի գումարտակի ուսանողական ջոկատի հրամանատար, ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի ատենապետ Իգոր Սարգսյանի կարծիքով` ներկայիս սերնդին լավ չի ներկայացվում Արցախյան ազատամարտի, մասնավորապես` Շուշիի ազատագրման դերն ու նշանակությունը: Լրատվամիջոցները հաճախ անդրադառնում են այնպիսի դեմքերի, ովքեր այնքան էլ մեծ դեր չունեն Արցախյան ազատամարտում, միևնույն ժամանակ, անտեսվում են նրանք, ովքեր մեծ ջանք են գործադրել այդ հաղթանակը կերտելու գործում:
Ըստ նրա` սոցիալական ծանր վիճակի պատճառով մեր հասարակության շրջանում երբեմն-երբեմն նկատվում է հիասթափություն, ոմանք անգամ հայտարարում են` ինչի՞ համար էր այդ հաղթանակը, եթե մեր ժողովուրդն այսօր աղքատ է:
«Դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ այսօրվա սոցիալական վիճակը մարդկանց հիասթափեցնում է: Բոլոր այն երկրները, որոնք պատերազմում հաղթանակներ են գրանցել, շատ արագ զարգացել են, բայց Հայաստանը` հակառակը: Մենք պետք է ագահորեն լծված լինենք պետակաշինության գործին, բայց երբ տեսնում ենք, թե ինչպես են որոշ մարդիկ եղածը լափում, հիասթափվում ենք»,- ասաց նա:
Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի հիմնադիր անդամ, պահեստազորի սպա` կապիտան Արթուր Եղիազարյանի խոսքով` եթե մեզնից յուրաքանչյուրը գիտակցի, որ մեր տան սկիզբը սահմանն է, և յուրաքանչյուր ոք պետությունը համարի իրենը, ամեն բան լավ կլինի:
Իսկ Շուշիի ազատագրումն, ըստ նրա, առանձնակի խորհուրդ ունի: «Մենք 250 տարի անց վերականգնեցինք մեր արժանապատվությունը, չէ՞ որ բերդաքաղաքն այն ժամանակ նվիրել էին խանին: Շուշիի ազատամարտը դաս էր` ուղղելու համար մեր պատմական սխալը»,- ասաց Եղիազարյանը:
«Անցել է 22 տարի: Մենք այսօր էլ պետք է ուրախանանք մեր հաղթանակների համար և միշտ պահենք այն գիտակցումը, որ նվիրվածությամբ հնարավոր է պահել ազգի ոգին»,- հայտարարեց Իգոր Սարգսյանը: