Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կազմակերպվել է տոնական միջոցառում՝ նվիրված մայիսյան եռատոնին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը սկսվել է ԱՀ պետական օրհներգով: Այնուհետև բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը: Նա ասել է, որ մայիսյան եռատոնը հայ ժողովրդի համար կարևոր է, քանզի նվաճվել է սուրբ նահատակների, մատաղ կյանքերի խեղմամբ և հազարավոր հայորդիների անզիջում պայքարի գնով՝ հնարավորություն տալով հային 21-րդ դար ոտք դնել հպարտ ու հաղթական կեցվածքով:
Նա իր ելույթում մասնավորապես ասել է. «Մայիսյան եռատոնը, որը շաղախված է հպարտության գույներով, մեզ հնարավորություն է տալիս նորից վերապրելու Հայրենական մեծ պատերազմում մեր հայորդիների կատարածը, պաշտպանության բանակի ստեղծման տարեգրությունն ու Շուշիի վերածնունդը: Իրադրություններ, որոնք բնորոշում են հայի կերպարը, ում շնորհիվ անկարելին դարձավ կարելի, ում երազը փոխվեց նպատակի, իսկ նպատակը՝ իրականության: Մեր ոգու արմատները շատ խորն է՝ պատվաստված մեր ներքին էությանը, ինչպես որ հազարամյա կաղնին է արմատներով խրված հողի մեջ: Հայ ոգին ժայթքել է ամենաճակատագրական պահերին՝ Ավարայրում, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախյան պատերազմի ամենածանր օրերին և ապրիլյան առճակատմանը: Մենք ամեն կերպ պետք է պահպանենք մեր ձեռքբերումները: Շուշիի ազատագրումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մենք զորեղ ազգ ենք, և կարող ենք ոչ միայն պաշտպանել, այլև հաղթել: Շուշին մեր հաղթանակի սկիզբն էր, որը դարձավ մեր թագն ու պսակը, և ի լուր աշխարհին ավետվեց, որ հայը սեփական ուժերով կարող է պաշտպանել իր օջախը, հավատը, պատիվն ու արժանապատվությունը»:
Նախարարը նշել է նաև, որ ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ հակառակորդի սադրանքներն ու նկռտումներն անպատասխան կարող են մնալ, առավել ևս, որ հայկական զինված ուժերն ունեն բարձր պատրաստություն, վճռականություն, ռազմատեխնիկական հագեցվածություն և ազգային արժանապատվություն՝ երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը:
Նախարարի ելույթին հաջորդել է համերգային ծրագիրը, որի ժամանակ Արցախի և Հայաստանի հանրապետությունների երգիչ երգչուհիները և համույթի անդամները հանդես են եկել հայրենասիրական երգերով ու պարերով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և և հայաստանի բարձրաստիճան այրեր, հյուրեր: