Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բացառիկ ու յուրօրինակ հմտություններ ու ինտելեկտ է հարկավոր մեր աշխարհագրությունը «կառավարելու» այնպես, որի հետեւանքով ահռելի մեծ կորուստներ արձանագրենք, իսկ Արցախն ամբողջապես հայաթափվի։ Հետո նույն այդ «ինտելեկտուալ ու գերհզոր» ղեկավարությունը խրոխտ ու հպարտ դեմքով հայտարարի, որ եկել է ժամանակը, որ «մեր աշխարհագրությունը մենք կառավարենք ու ազդենք մեր աշխարհագրական բովանդակության վրա»։
Հիմա, երբ Արցախն օկուպացված է, իսկ ՀՀ սուվերենությունը խիստ վտանգված, Հայաստանն էլ տարածաշրջանում այլեւս ոչ թե գործոն է, այլ՝ գործիք, ՔՊ-ն միանգամից հիշել է, որ մեր աշխարհագրության գերին չպետք է լինենք։
ՔՊ-ական պատգամավորին պետք է հարց տալ՝ եթե այդքան հմուտ կառավարիչներ եք, ապա ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկ» մտահղացումը ավելի շուտ՝ մինչեւ 44-օրյա պատերազմի մեկնարկը չէիք ներկայացնում ու փորձում համոզել «կիրթ ու կառուցողական հարեւաններին», կամ, եթե այդքան ազդեցիկ եք, այն ժամանակ ի՞նչն էր խանգարում ձեզ կոմունիկացիաները բացելու հարցում համաձայնության գալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Արցա՞խն էր խանգարում, թե՞ շարունակական պարտություններն են ձեզ այսքան «արհեստավարժ» դիվանագետներ դարձրել։
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավարը նույն Փաշինյանի երգն է երգում՝ իրական շանս ունենք խաղաղություն ձեռք բերելու։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ այդ շանսը ավելի մեծ են տեսնելու, եթե իրենց հաջողվի զավթել նաեւ Սյունիքը, կամ եթե Հայաստան պետությունը առհասարակ դադարի գոյություն ունենալ։
Լրատվամիջոցները ճնշման են ենթարկվում, քաղբանտարկյալներ կան անազատության մեջ, գործեր կարելով լռեցվում են ընդդիմախոսները, պարո՛ն Կոնջորյան, իսկ դուք ասում եք՝ ազատություն ու ժողովրդավարություն ունենք, մնում է խաղաղություն էլ ունենանք ու երջանիկ ապրենք։
Դուք, որ որոշել եք ազգին ազատել «Գիքոր»-ի հոգեբանությունից ու «Բազազ Արտեմ»-ի հոգածությունից, կարո՞ղ եք լուսաբանել՝ ձեր տարբերակը ո՞րն է, թուրքի խղճահարությո՞ւնը։ Ո՞ր հերոսի հոգեբանությունը ձեզ մղեց մինչեւ հատակ իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, միայն թե չասեք՝ Սասունցի Դավթինը։ Քաջ Նազարինն է ձեզ լրիվ սազական, լավագույն դեպքում հիմար ու պակասամիտ կկվինը։
Առ ի հիշեցում՝ Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքից զավթել է մոտ 200 քկմ տարածք։ Պոռոտախոսելուց բացի, եթե այդ հարցով զբաղված լինեիք ու ձեզ հաջողվեր թշնամուն դուրս մղել մեր երկրից, գուցե հավատայինք ձեր կառավարման բացառիկ հնարքներին։ Բայց ոչ, ինքնիշխանության մասին ձեր ճառերը հարցի լուծում չեն։ Ցավոք, սա ոչ չարաղետ հեքիաթ է, ոչ էլ դառը երազ։ Սա իրականություն է՝ դուք երկրի ղեկին եք, հայ ժողովուրդն էլ ձեր ձեռքին գերի։
Մեղրի Ղուկասյան