Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ով նախկինում Թալինի քաղաքապետն էր, Արագածոտնի մարզպետ դառնալու ցանկություն չունի: Այս մասին նա հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում: Նշենք, որ, որոշ տեղեկությունների համաձայն, նա եւս համարվում է մարզպետի հավանական թեկնածու:
«Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ: Նման բան չկա, նման խնդիր չկա` բացարձակ: Ինձ հետ այդ թեմայով ոչ մի խոսակցություն չի եղել, ես էլ նման ցանկություն չունեմ»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ինչո՞ւ ցանկություն չունի, պատասխանեց. «Պատգամավորի աշխատանքն ավելի պատվաբեր չէ՞»:
Դիտարկման ի պատասխան, որ պատվաբեր է, բայց ինքը բավական պասիվ է, փոքր-ինչ նեղսրտեց: «Որտեղ պետք է` ակտիվ եմ լինում, ակտիվ եմ… Ասենք` հանձնաժողովի աշխատանքներում: Դե, ինչքան տեսնում եք իմ ակտիվությունը, դա էլ թողնում եմ ձեր խղճին, ինչ ասեմ»:
Մնացական Մնացականյանը նաեւ հայտարարեց, որ եթե մարզպետ դառնալու առաջարկություն ստանա` կմերժի:
Հարցին էլ, թե ինչո՞ւ է Արագածոտնի մարզպետն այդքան դյուրագրգիռ դարձել (հիշեցնենք, որ նա այսօր բղավել էր իրեն զանգահարած մեր թղթակցի վրա) նա պատասխանեց. «Հիմա Դուք Պողոսի մասին Պետրոսից եք հարցնում… Իրա վարքը ես ինչ՞ իմանամ, իրենից հարցրեք: Ուրիշի փոխարեն պատասխանելու ցանկություն չունեմ»:
Խոսելով մարզապետի պաշտոնանկության մասին` ասաց. «Դե ո՞վ է իր պաշտոնին մշտական մնում: Մարդուն որ պաշտոնի են նշանակում, նշանակման օրվանից էլ հոգեբանորեն պատրաստում են, որ մի օր էլ պետք է պաշտոնից հեռանա»: