Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք լավն ենք, ուժեղ, խելացի, ճիշտ, նրբանկատ, իսկ մյուսները` մեղավոր, որ մեր այս բոլոր հատկանիշները չեն նկատում, դրա համար էլ «ստիպված» մի ամբողջ կյանք ենք վատնում` անընդհատ ապացուցելով կամ դեպի ապացույց տանող ճանապարհը փնտրելով:
***
Երբ ճիշտ ենք` ապացուցում ենք մեր ճիշտ լինելը, ապացուցում ենք` սխալվածի հոգեբանությամբ:
Ապացուցում ենք, որ կարելի է ընդվզել ու ինչ-որ բանի հասնել, փոխել քարացածը, բայց որոշ ժամանակ անց սկսում ենք ուրիշներին ապացուցել, որ ընդվզելն անիմաստ է:
Սկզբում ապացուցում ենք, որ մեծ ենք, հետո` մեր մեծ լինելու ապացույցի հետքերը խնամքով թաքցնում:
Մեր ծնողների բերած ապացույցները հնացած ենք համարում, իսկ հետո մեր ապացույցները փորձում մեր երեխաների վզին փաթաթել ու նեղանալ` ինչքան շուտ մեծացան` մեր ասածն այլևս գրոշի արժեք չունի:
Ապացուցում ենք` ափսոսում, հետո նորից ապացուցում` ափսոսանքը ցրելու համար:
Ապացուցում ենք, որ երկիրը կլոր է, բայց ապրում` քառակուսու մեջ:
Ապացուցում ենք դիմացինին` ինքներս մեզ ապացուցելու համար:
Երեխա ժամանակ ապացուցում ենք, որ ուժեղ ենք` արցունքները մի կերպ զսպելով, իսկ հետո` լացելու լիքը առիթ է լինում, բայց էլ արտասվել չի լինում:
Փորձում ենք վաղուց ապացուցվածը մեր ձևով ապացուցել ու որպես նվեր` «ժամանակն էս ինչ արագ է անցնում» արտահայտությունն է մեզ մնում:
Ապացուցում ենք` ցույց տալով, որ մենք երբեք որևէ մեկին ոչինչ չունենք ապացուցենք, իսկ այն, ինչ անում ենք` հենց էնպես ենք անում:
Ապացուցում ենք, որ մեր ապացուցածը ճիշտ է, ուրիշի ապացույցները` դեռ ապացուցվելու կարիք ունեն:
Սկզբում ոչ մի ապացույց մեզ համար ապացույց չէ, հետո` չապացուցվածն ապացուցվածի դասին ենք շարում` իբրև թե պատահաբար:
Ապացուցում ենք, ապացուցվում, հետո զարմանում` եղածն ի՞նչ էր, որ մի բան էլ ապացուցում էինք, բայց մինչև չապացուցեինք` չէինք զարմանա:
Վերջում էլ` բոլոր ապացույցներից հոգնած` մեր հոգնած լինելն ենք ապացուցում:
Կարինե Հարությունյան