Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երևանի ամենամեծ տոնավաճառներից մեկում` «Փեթակ»-ում, վերջին ամիսների ամենապահանջված ապրանքը ճամպրուկն է: Այստեղ ճամպրուկների վաճառքի 6-7 կետ կա:
«Մարդիկ գալիս են, միանգամից մի քանիսը գնում, հիմնականում գերադասում են էժանը` պատճառաբանելով, որ իրենց համար միևնույն է, ուզում է մեշոկ լինի, միայն թե իրերը հավաքեն, հեռանան երկրից»,- yerkir.am-ի հետ զրույցում պատմեց առևտրի կենտրոնի վաճառողուհիներից մեկը:
Հեքիաթներից հայտնի «մի աղքատ գյուղացի, մի հարուստ վաճառական» համեմատականն այսօր այլևս չի գործում, քանի որ ներկայումս մեր երկրում գոյատևելու խնդրի առջև են կանգնած անգամ այն առևտրականները, ովքեր ժամանակին քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով են ապրել և չեն դժգոհել իրենց ապրուստից: Իսկ հիմա… դժգոհում են բոլորը` «Փեթակի» մսավաճառից մինչև մանկասայլակ վաճառողը:
Ի դեպ, մանկասայլակի պահանջակը վերջին տարիներին նվազել է: Պատճառը վաճառողները ոչ այնքան պայմանավորում են նրանով, որ շատացել են մանկասայլակների վաճառքով զբաղվող խանութները, այլ այն բանով, որ Հայաստանում ծնելիության անկում է նկատվում:
«Երկու օր է` ոչինչ չեմ վաճառել: Աստված գիտի, վաղը կվաճառե՞մ, թե՞ ոչ: Նախկինում գոնե լավ էր, հիմա սարսափելի է, առևտուր չկա»,- դժգոհեց կանացի հագուստի վաճառքով զբաղվող մի կին:
«Եթե ժողովուրդ չկա, որտեղից առւտուր լինի...»,- նշեց մյուսը:
«Փեթակում» պարապ էին նաև բեռնակիրները: «8 ժամից 6 ժամը պարապ եմ, նորմալ աշխատում ենք մի 15 օր, մնացած 11 ամիսն էլ` պարտք անում»,- ասաց սայլակին պարապությունից պառկած բեռնակիրներից մեկը:
Չէին դժգոհում միայն ճամպրուկ վաճառողները: Ընդհակառակը` 10 տարուց ավելի «Փեթակ»-ում աշխատող վաճառողուհիներից մեկը պատմեց, որ եթե վերջին երկու տարիներին ճամպրուկ գնողների թիվն աճել էր, ապա այս տարի այդ թիվն «անսպառ է». «Մի հատ չեն առնում, մարդիկ 8-10 հատով պայուսակներ են առնում, որ իրենց իրերը տեղավորեն»: Թեև գոհ էր իր առևտրից, սակայն չէր կարող թաքցնել, որ ամեն անգամ ցավ է ապրում, երբ տեսնում է, թե ինչպես են այդքան մեծ թվով քաղաքացիներ հեռանում երկրից:
Հետաքրքրական է, որ ճամպրուկների մյուս կետերից մեկի երիտասարդ վաճառողները, ովքեր մեզ առաջարկում էին ճամպրուկ գնել, համոզված էին, որ օրերից մի օր մենք էլ ենք գնալու: «Վերջում սաղս էլ գնալու ենք, մենք էլ, դուք էլ: Լավ չի՞` հիմա առնեք…»,-ծիծաղով ասում էին նրանք:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ