Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի կառավարման մոդելի հարցում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում եղել են տարաձայնություններ, եւ այդ տարաձայնությունների արդյունքում ծնվել է մի մոտեցում, որ պայմանականորեն առաջարկվում է որպես խորհրդարանական կառավարման ձեւ, որը, հանձնաժողովի դիրքորոշմամբ, կարող է լուծել կամ նպաստել այն խնդիրների լուծմանը, որոնք պետական կառավարման ոլորտում կան:
Բայց դա չի նշանակում, թե այդ խնդիրների լուծումը հնարավոր չէ կիսանախագահական կառավարման ձեւի պայմաններում, իհարկե' ոչ այն տեսքով ու ոչ այն ինստիտուտների ու լիազորությունների պահպանման եղանակով, որոնք այսօր գոյություն ունեն. այսօր նշեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանն' ի պատասխան սահմանդրական փոփոխություններով առաջարկված՜ Հայաստանի կառավարման մոդելի վերաբերյալ տարբեր կարծիքների ու մտահոգությունների:
Այսինքն, պարզաբանեց իրավագետը, եթե անգամ հանձնաժողովում տեսնեն, որ հանրությունը պատրաստ չէ' իրավաչափ չի գտնում խորհրդարանական կառավարումը, ապա այդ դեպքում նորից կանցնեն այն տարբերակին, որը կա այսօր, բայց էական վերանայումների պայմանով:
«Այսինքն' երբեք չի լինելու այնպես, որ եթե մենք հրաժարվենք խորհրդարանական կառավարումից, նախապատվությունը տալու ենք կիսանախագահական կառավարմանը, որն այսօր գոյություն ունի»,- պարզաբանեց Գեւորգ Դանիելյանը:
Բանախոսը նաեւ շեշտեց, որ կառավարման ձեւն, ինքնըստինքյան, չի կանխորոշում խնդիրների լուծումը, ու այնպես չէ, որ, կառավարման ձեւը փոխելով, շատ արագ ու դյուրին լուծվելու են բոլոր քաղաքական խնդիրները;
Իշխանության հարաբերակցության ու հավասարակշռության մեխանիզմների վերաբերյալ Yerkir.am-ի հարցին ի պատասխան էլ Գեւորգ Դանիելյանը նշեց, թե, այո', հանձնաժողովը համարում է, որ որեւէ պաշտոնյա չի կարող ունենալ լայն լիազորություններ՝ առանց կոնկրետ պատասխանատվության:
«Եթե մենք գտնում ենք, որ տվյալ իրավիճակում, հաշվի առնելով արտաքին ներգործության հնարավորությունները, ինչու՝ ոչ, նաեւ պատերազմական իրավիճակը եւ այլն, մենք կարող ենք ունենալ ուժեղ պաշտոնյաներ, ապա դրան զուգահեռ պետք է լինի նաեւ հավասարարժեք պատասխանատվություն: Եթե դա լինում է' խնդիր չկա, բայց եթե գործառույթ- ինստիտուտ- լիազորություն եռամիասնության մեջ չկա բավարար չափով համամասնականություն, ապա ենթադրվում է, որ ձախողումներն անխուսափելի են»,- ասաց նա:
Այս առումով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամը առաջարկված տարբերակը համարվում է այլընտրանքային ու ընդամենը մեկ ամիս հետո, քննարկումների արդյունքում, արդեն վերջնական դիրքորոշում կհայտնվի, թե ինչպիսին է վերջնական մոտեցումը կառավարման ձեւի առնչությամբ:
Yerkir.am-ի հարցին' ի՞նչ ակնկալիք կա' նախնական նախագծից փոփոխություններ մեծ չափո՞վ կլինեն, Գեւորգ Դանիելյանը պատասխանեց, թե շատն ու քիչը ցույց կտան քննարկումները, որովհետեւ ցանկացած մասնագետ, երբ պատրաստում է մի փաստաթուղթ, համոզված է, որ վերջնական է, բայց մանսագետ չէ այն մասնագետը, որը չի ուզում հավասարարժեք հաշվի նստել այլ մասնագետների, քաղաքական գործիչների հետ:
«Ձեր հարցի մեջ մի շատ կարեւոր բաղադրիչ կա՝ թե այստեղ վճռորոշ խոսք ունեն ասելու իրավագետնե՞րը, թե՞ քաղաքագետները: Իմ դիրքորոշմամբ' իհարկե, փաստաթուղթն իրավական է եւ պատրաստվում է մասնագետների կողմից, բայց կան հարցեր, օրինակ՝ կառավարման ձեւերի առնչությամբ, որտեղ քաղաքագետների, քաղաքական գործիչների կարծիքը առավել քան իրավաչափ է ու հիմնավորված, բայց ոչ ամբողջովին վճռորոշ: Եվ, վերջին հաշվով, եթե պետք է խոսենք հարցի վճռորոշության մյասին, ապա վերջին ու վճռորոշ խոսք կարող է ասել միայն ժողովուրդը' հանրաքվեով ընդունվող իրավական փաստաթուղթ է սա»,- պատասխանեց իրավագետը: