կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-01 17:10
Քաղաքական

Գործնականում գործող համակարգը ոչ թե կիսանախագահական է, այլ սուպերնախագահական

Գործնականում գործող համակարգը ոչ թե կիսանախագահական է, այլ սուպերնախագահական

Շարունակելով քարոզարշավը` երեկ՝ նոյեմբերի 30-ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Վանաձորում գործող համալսարանների և քոլեջների ուսանողների հետ: Հանդիպումն ուղեկցվել է անկաշկանդ մթնոլորտում հարցուպատասխանով: Բանախոսները ներկայացրել են սահմանադրական հանրաքվեի դրված նախագիծը, առաջարկվող փոփոխություններն ու դրանց նպատակահարմարությունը:

Ընդգծվել է, որ թեև մենք ունենք կիսանախագահական-կիսախորհրդարանական կառավարման համակարգ, բայց այն քաղաքական պրակտիկայում վերաճել է բացառապես ուժեղ նախագահական համակարգի, ինչն էլ դարձել է մեր պետական ապարատը պատած բազմաթիվ աղտեղությունների պատճառ:

Միության ներկայացուցիչներն ընդգծել են, որ համոզված են՝ ապագա Սահմանադրությունը, լինելով սերունդներինը, պատշաճ իրացում պետք է ունենա հատկապես երիտասարդության ջանքերով, դրա համար էլ նմանաբնույթ հանդիպումները շարունակվելու են:

Դիտարկմանը, որ սա ոչ թե սահմանադրության փոփոխություն է, այլ բոլորովին նոր Սահմանադրություն, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը պատասխանել է. «Սահմանադրագիտության մեջ ընդունված է համարել՝ սահմանադրությունները համարվում են փոփոխված, երբ փոփոխման են ենթարկվում սահմանադրությունների առաջին հոդվածները կամ պետության ձևը, օրինակ` հանրապետություն, ֆեդերացիա կամ ֆեդերատիվ հանրապետություն և այլն: Առկա նախագիծը 1995թ. ընդունված և 2005թ. փոփոխված ՀՀ Սահմանադրության հերթական փոփոխության նախագիծն է, որում փոփոխությունները շատ ավելի առարկայական և հիմնարար են»:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Ռուսլան Բարսեղյանը կարևորել է ընտրության բացառապես համամասնական ձևի անցումը` նշելով, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունն ապահովվում է հենց այդ մեծամասնական պատգամավորների միջոցով, և որ համամասնական ընտրակարգով ոչ մի կուսակցության դեռևս չի հաջողվել հավաքել քվեների 40 տոկոսից ավելին:

Մինչ հանրաքվեին նախորդող օրը ՀՅԴ ուսանողական միության քարոզիչները կշարունակեն մարզային հանդիպումները:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն