կարևոր
262 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-29 18:26
Հասարակություն

Արցախցիների առջև ուլտիմատում են դրել՝ կամ ազատվել աշխատանքից, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն. իրավապաշտպան

«2023 թվականի  Արցախի տարածքում սանձազերծված ագրեսիայից հետո  իշխանությունը ձեռնարկեց անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու իրավունքների ամենալայնածավալ,  ամենազանգվածային խախտման պրոցեսը՝ ավելի քան 120 հազար մարդու Հայաստանը դադարեց ճանաչել որպես սեփական քաղաքացի»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանը։

Նա նշեց, որ նման ռադիկալ, ապօրինի, դե ֆակտո որոշումը չստացավ որևէ իրավական ձևակերպում։

«Չեղավ որևէ մի արձանագրում, որ այս պահից սկսած չենք համարում այս մարդկանց Հայաստանի քաղաքացիներ, այլ ուղղակի պետական պաշտոնատար անձինք,  վարչական մարմիններն իրենց մեկնաբանություններում սկսեցին տալ մինչ այդ Հայաստանում ձևավորված կայուն իրավական պրակտիկային ուղղակիորեն հակասող մեկնաբանություններ»,- ասաց Տ.Սողոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, գոնե պաշտոնը ստանձնելու պահին ունեցել են հենց նույն անձնագրերը, ինչ արցախցիները՝ 070 կոդով։

«Մասնավորապես, ԶՈւ շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մենք հարցումներ ուղարկեցինք ՆԳՆ Միգրացիայի վարչություն՝ պարեզելու, արդյոք այդ անձինք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ, թե ոչ։ Պատասխանը հետաքրքիր էր՝  հանդիսանում է  անձնական տվյալ։

Թեև համացանցում շրջանառվում է  այդ պաշտոնատար անձանց անձնագրերը, որոնք 070 կոդով են։  Բայց դա չի խանգարում մեր իշխանություններին երկակի մոտեցում  դրսևորել։

Երբ հերթը հասնում է հասարակ քաղաքացիներին,  տեղեկություններ ստացանք, որ պետական տարբեր պաշտոններ  զբաղեցնող Արցախի բնակիչների, այսինքն 070 անձնագրով մարդկանց  առջև ուլտիմատում է դրված՝ կամ ընդունում եք Հայաստանի քաղաքացիություն, կամ ազատվում եք պաշտոններից»,- ասաց իրավապաշտպանը։

Մանրամասն՝ տեսանյությում։