Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամենասկզբից մի դիտարկում` ՕԵԿ-ի մասին երբեք այսքան չեն խոսել, որքան այս օրերին, կոնկրետ` այսօր: Սա` իմիջիայլոց:
Արդեն գիտենք, որ ՕԵԿ-ն այսօր որոշում է կայացրել, ըստ որի` ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունն իրենք այլևս դիտարկում են «խնդրահարույց և աննպատակահարմար»: Այսի՞նքն, այդ ինչպե՞ս, այդ երբվանի՞ց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը ՕԵԿ-ի համար դարձավ խնդրահարույց և աննպատակահարմար: Հասկանալի է, որ ոչ այն օրերին, երբ Մարզահամերգային համալիրում Արթուր Բաղդասարյանը գլուխը հպարտորեն վեր էր բարձրացնում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «ՕԵԿ-ը բարոյական քաղաքական կուսակցություն է, բարոյական պահվածքով»: Ոչ էլ այն ժամանակ, երբ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն, բառի բուն իմաստով, արհամարհում էր իր «գործընկերոջը»:
ՕԵԿ որոշման տեքստում մենք կարդում ենք, որ այս տարիների ընթացքում խորհրդարանում չքննարկված են մնացել և կուտակվել են ՕԵԿ-ի առաջարկած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք, ի դեպ, ՕԵԿ նախընտրական ծրագրի դրույթներն են: Հետևաբար, այսօր, երբ ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագրի բազմաթիվ դրույթներ չի իրագործել, ինքը մեղք չունի, կոալիցիոն խնդրահարույց և ոչ նպատակահարմար համագործակցությունն է մեղավոր: Հենց այդ համագործակցության շրջանակներում էր, որ, հիշում ենք, թե ինչպես ՀՀԿ-ն անտեսել էր ՕԵԿ-ին, մասնավորաբար` չէր հայտնել, որ ինքը պատրաստվում է բոյկոտել ԱԺ-ի արտահերթ նիստը, որը հրավիրել էր ոչ իշխանական պատգամավորների մեկ երրորդը: Այդ նիստին կոալիցիոն «փայլուն համագործակցության արդյունքում» վատ դրության մեջ հայտնվեց ՕԵԿ-ը, որին ոչինչ չէին ասել բոյկոտի մասին, նաև…Հայկ Բաբուխանյանը: Ինչպես ասում են` no comment:
Ուրեմն ինչո՞ւ էր ՕԵԿ-ը, գիտակցելով, որ ինքն արհամարհված է, շարունակում կոալիցիոն համագործակցություն կոչվածը և ինչո՞ւ հիմա էլ չի ցանկանում: Պատասխանն ակնհայտ է` ՕԵԿ-ը դեմ է Հովիկ Աբրահամյան վարչապետին, կամ Հովիկ Աբրահամյան վարչապետն է դեմ ՕԵԿ-ին:
ՕԵԿ վերջին որոշման տեքստում կարդում ենք. «Երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ, կենսունակ, ամուր, նորարարական, բարեփոխումները վճռական քայլերով առաջ մղող կառավարություն»: Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը ՕԵԿ-ը չի համարում... կիրթ: Բացի այս` նույն հայտարարության տեքստում, որպես կոալիցիոն համագործակցությունը խնդրահարույց և աննպատակահարմար որակելու պատճառ, ՕԵԿ-ը մատնանշում է հանգամանքը, որ իրենց կարծիքն ու նախաձեռնությունները փաստացի երկրորդական պլան են մղել ԱԺ-ում: Իսկ ԱԺ-ն ո՞վ էր այդ ժամանակ ղեկավարում, ճիշտ է` Հովիկ Աբրահամյանը:
Հեղինե Բիշարյանը, երբ իրեն հարցրել էին, թե ո՞ւմ է դիտարկում վարչապետի պաշտոնում, միանշանակ հայտարարել էր` Արթուր Բաղդասարյանին: Այսօր նա հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանի անունը չի էլ քննարկվել վարչապետի պաշտոնի համար: Հետևաբար` ՀՀԿ-ն, անձամբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ արհամարհել են ՕԵԿ-ին, դե նա էլ, ահա, նեղացել է: Հնարավոր է, իհարկե, որ ՕԵԿ-ը ոչ այնքան նեղացած է, որքան առևտուր է անում, քաղաքական առևտուր, գուցե որովհետև անչափ բարոյական է:
Այսքան բան: