Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Նախիջևանում, որին մասնակցում են բոլոր տիպի զորամիավորումները` հրթիռային, հրետանային, ավիացիա, հակաօդային պաշտպանություն: Դրանք համալրված են ժամանակակից զինատեսակներով ու զրահատեխնիկայով:
Ինքնին զորավարժությունների անցկացումը որևէ պետության զինված ուժերի համար արտառոց երևույթ չէ: Առավել ևս` Ադրբեջանի համար, որը տարիներ շարունակ սպառազինվում է, ունի չկարգավորված Լեռնային Ղարաբաղի խնդիրը և իր հասարակությանն ակտիվորեն նախապատրաստում է այդ հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու տարբերակին: Այս իմաստով նման մասշտաբային զորավարժություններն ավելի շատ ներքին և արտաքին լասարանին ուղղված` ուժի ցուցադրության ձև է, մեթոդ, որից օգտվում է նաև հայկական կողմը:
Սակայն այս զորավարժություններն ունեն մի կարևոր առանձնահատկություն` դրանք անցկացվում են Նախիջևանում, որտեղ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն աստիճանաբար վերածվում են համազորային առանձին բանակի` ոչ միայն պարունակում է բոլոր հիմնական տիպի զորատեսակները, այլև հետևողականորեն հագեցվում ամենաժամանակակից սպառազինությամբ և ռազմական հարձակողական տեխնիկայով:
Երեք օր առաջ Բաքվում` կառավարության նիստի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայտարարել է, որ այսօր աշխարհում որոշիչ է դառնում ուժային գործոնը, որին պետք է նախապատրաստվել` ռազմական հզորությունը մեծացնելով: Եվ որպես այդ ուղղությամբ կատարված հսկայածավալ աշխատանքի հիմնական արդյունք` Ալիևը վկայակոչել էր հենց Նախիջևանում տեղակայված բանակի մարտունակությունը: «Վերջերս եղել եմ Նախիջևանում, և այնտեղ ցուցադրված նոր տեխնիկան վկայում է, որ Նախիջևանի բանակը տիրապետում է ամենաժամանակակից զինտեխնիկային: Այնտեղ արդեն առկա են ժամանակակից հրետանային կայանքներ, ռազմական և տրանսպորտային ուղաթիռներ, հակատանկային և հակաօդային համակարգեր, ամենաժամանակակից տանկեր` T-72 և T-90: Դրանց թիվը պետք է ավելանա»,- ասել է նա:
Նախիջևանի ռազմական պոտենցիալի հզորացումը և դրա ցուցադրությունը, իհարկե, ինքնանպատակ չէ: Հայաստանի համար այս ուղղությունն ունի ստրատեգիական նշանակություն` հաշվի առնելով մայրաքաղաք Երևանից սահմանի` ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրով հեռու լինելու, ամենախիտը բնակեցված Արարատյան դաշտավայրի բնակավայրերին հարակից լինելու հանգամանքը և հատկապես` անցած երկու տարիներին Ռուսաստանից ձեռք բերված մասսայական ոչնչացման զենքի առկայությունը Նախիջևանում: Ակնհայտ է, որ սա Հայաստանին և միջազգային հանրությանն ուղղված շատ հստակ մեսիջ է առ այն, որ Ադրբեջանն այս պահին, հատկապես` ուկրաինական զարգացումների ֆոնին, լրջորեն դիտարկում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության հարցը:
Ուղերձը հնարավորինս տպավորիչ դարձնելու համար Բաքուն խաղարկում է երկու գործոն: Նախ` բազմիցս փորձված` հայկական գյուղերի գնդակոծումը, հատկապես` հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանագծի երկայնքով, ինչպես նաև դիվերսիոն գործողությունների կազմակերպումը: Երկրորդ` Հայաստանի համար ամենաանցակնալի և խոցելի ուղղությամբ` Նախիջևանով երկրորդ ճակատը բացելու, Հայաստանի մայրաքաղաքն ուղիղ նշանառության տակ առնելու հնարավորությունը, ինչն արդեն կարող է նշանակել Թուրքիայի ուղղակի ներքաշում հակամարտության մեջ: Խնդիրն այն է, որ ինքնավար հանրապետությունը գտնվում է ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի պրոտեկցիայի ներքո, ինչն այս ճակատից հնարավոր հարձակման դեպքում, պատասխան գործողությունների դիմելու առումով, կաշկանդող գործոն է լինելու Երևանի համար:
Այնտեղ առանձին բանակ ստեղծելու մեջ շահագրգռված է առաջին հերթին Անկարան: Վերջինս արդեն տևական ժամանակ փորձում է Նախիջևանը վերածել իր ռազմական և կոմունիկացիոն պլացդարմի: Պատահական չէ, որ ապրիլի 1-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն այցելում է Բաքու, ապա ապրիլի 4-ին աշխատանքային այցով Աբրբեջան մեկնած Թուրքիայի վարչապետ Ռոջեփ Թայիփ Էրդողանը, նաև Անկարայի անունից, հայտարարում է, թե Ղարաբաղյան հարցում իրենք որևէ զիջման չեն գնալու, իսկ բուն զորավարժությունների անցկացման նախօրեին հայտի է դառնում, որ արդեն մայիսին Նախիջևան է այցելելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Այս ամենը, իհարկե, առաջին հերթին հոգեբանական և դիվանագիտական ճնշման միջոցներ են` տպավորություն թողնելու համար, թե, օգտվելով Ուկրաինայում առաջացած ճգնաժամից և դրանում միջազգային հանրության թաղված լինելու հանգամանքից, Ադրբեջանը կարող է անցնել կտրուկ, անսպասելի գործողությունների, որոնց թիրախը ոչ թե ԼՂ-ն է, ինչպես ենթադրվում էր, այլ հենց Հայաստանը: Թուրքիան, իր հերթին խաղարկելով նախիջևանյան «նախագիծը», նախ արտահայտում է Ղրիմի հարցում Ռուսաստանի ձեռնարկումների նկատմամբ իր սկզբունքային անհամաձայնությունը և կարծես զգուշացնում կովկասյան ճակատում իր կողմից նման կերպ պատասխանելու հնարավորության մասին:
Այս ամենը թողնում է շոշափելի հետևանք: Թերևս նկատի ունենալով հայ-ադրբեջանական սահմանագծին ստեղծված լարվածությունը` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը Բաքվում այսօր հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն աշխատում է, որպեսզի կողմերը հետևողական լինեն խնդրի կարգավորմանն ուղղված սկզբունքների հարցում` իբրև այդպիսիք նշելով Լիսաբոնի ու Մադրիդյան սկզբունքները, ՄԱԿ-ի բանաձևերը: ԼՂ հարցում շտապողականություն հանդես բերելու անհրաժեշտությունը նա պայմանավորել է հենց ուկրաինական դեպքերով, որոնք, ըստ Կրիվոկապիչի, «ցույց տվեցին, որ մենք պետք է լարված աշխատանք տանենք և արագ ժամկետներում հասնենք որոշակի արդյունքների»:
Մի կողմից ինքնորոշման իրավունքը մետրոպոլիաների (պետություններ, որոնցից ինքնորոշվում են սուբյեկտները) ցանկության համատեքստում դիտարկելու մղումը, որը ներկայումս դիտարկվում է Ղրիմի, Շոտլանդիայի, Կատալոնիայի և այլ ինքնորոշվող սուբյեկտների նկատմամբ, մյուս կողմից` Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումները զսպելու ցանկությունը միջազգային հանրությանը կարող են ստիպել նորովի մոտենալ նաև ԼՂ հիմնահարցին և դրանում ներգրավված կողմերին մղել կարգավորմանն ուղղված արագ որոշումների: Այս պահին սա բխում է հատկապես Ադրբեջանի շահերից, քանի որ առկա ստատուս քվոն փոխելու նախադրյալներ է ստեղծում: Ու թերևս հենց դա է պատճառը, որ այս զորավարժությամբ, հրադադարի ռեժիմը խախտելու բացահայտ քայելով Բաքուն անընդհատ հիշեցնում է «սեփական տարածքները» վերադարձնելու իր իրավունքի մասին և դրա նկատմամբ համարժեք ընկալում ձևավորում միջազգային հանրության մոտ:
Գևորգ Դարբինյան