կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 21:07
Հասարակություն

Ինչ է արգանդային հղիությունը

Ինչ է արգանդային հղիությունը

Հղիությունը կնոջ օրգանիզմի այն վիճակն է, երբ նրա վերարտադրողական օրգաններում ձևավորվում է պտուղը: Հղիությունը կնոջ մոտ առաջանում է, երբ կնոջ արգանդափողերում միաձուլվում են արական և իգական սեռական բջիջները, հետո ձևավորված պտղաձուն այնտեղից տեղափոխվում է արգանդ:

 

Սովորաբար, պտղի ձևավորումը բեղմնավորման պահից մինչև ծննդաբերելը կազմում է 38 շաբաթ (լրիվ պտղային շրջան): Հղիութան միջին տևողությունը վերջին դաշտանի առաջին օրվանից մինչև ծննդաբերություն ընկած ժամանակահատվածն է, կազմում է 40 շաբաթ (լրիվ մանկաբարձական շրջան): Հղիությունը և ծննդաբերությունը կնոջ կյանքի կարևորագույն շրջաններից է: Հղիության առաջին իսկ շաբաթներից կինը սկսում է նկատել տարաբնույթ զգացողություններ` իր մեջ կատարվող փոփոխությունների հետ կապված: Սակայն որոշ կանանց մոտ հղիության առաջին շաբաթները այնքան աննկատ են, որ կինը ոչինչ չի կռահում, նույնիսկ կարող է ունենալ հերթական դաշտան: Հղիությունը բաժանում ենք երեք շրջանի կամ եռամսյակի` առաջին (I-III-րդ ամիսները), երկրորդ (III-VI-րդ) և երրորդ (VI-IX-րդ):

 

Բոլոր ինը ամիսների ընթացքում կինը պետք է հոգա ոչ միայն իր, այլ նաև դեռ չծնված երեխայի առողջության մասին: Հետևաբար, առաջին իսկ շաբաթներից կինը պետք է այցելի գինեկոլոգին: Հղիության ժամանակ կարևոր են ճիշտ սննդակարգը, չլարվելը և ամեն բջիջով փոքրիկին զգալը: Կարևոր է իմանալ մի քանի փաստեր:

 

• Հղիությունը հիվանդություն չէ, բայց այն մեծ պատասխանատվություն է և կյանքի իննամսյա ժամանակահատված` որոշակի սահմանափակումներով, որոնք անհրաժեշտ են առողջ երեխա ունենալու համար: Հղիի մոտ պետք է ձևավորվեն նոր սովորույթներ և կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել:

 

• Այո, ձեր մայրերը, առավել ևս տատիկները չեն «չարաշահել» բժիշկների ուշադրությունը, հաճախ չեն ենթարկվել սոնոգրաֆիկ հետազոտության և չեն օգտագործել «սարսափելի» դեղորայք, բայց «ծնել են առողջ երեխաներ, այն էլ` մի քանիսին»: Նման կարծիքի կողմնակիցներին պետք է հիշեցնել ներկայիս էկոլոգիայի, սննդի որակի, տարածված տարաբնույթ ինֆեկցիաների, հիվանդությունների մասին: Ներկայիս գիտությունը և տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն են տալիս ախտորոշելու բազմաթիվ ախտաբանություններ, վաղաժամ կանխարգելելու բարդությունները:

 

• Հաշվի է պետք առնել, որ հակաբիոտիկների, հակագրիպային դեղամիջոցների ֆոնին, ալկոհոլի օգտագործման պայմաններում անհրաժեշտ է չպլանավորել հղիություն:


Ինչպես ճանաչել հղիությունը վաղ ժամկետներում

 

Դաշտանի ուշացումը հիմնականում պայմանավորված է հղիությամբ: Ինչպե՞ս նախնական ախտորոշել այն: Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո, անկողնուց չվերկացած, անհրաժեշտ է չափել բազալ /ռեկտալ, հետանցքի/ ջերմությունը. ջերմաչափը ներմուծվում է ուղիղ աղիք 2 սմ խորությամբ` 5-7 րոպեով: Հղիության նշան է 37¬С, բայց ավելի ցածր ջերմաստիճանն էլ կարող է չզարգացող հղիության կամ վիժման նշան լինել:

 

Կարելի է նաև դիմել հղիության թեստի օգնությանը, որը լինում է դրական հղիության առաջին իսկ օրերից: Թեստի ճշգրտությունը ավելի բարձր է, եթե այն կատարվում է առավոտյան մեզով` մի քանի օր շարունակ, և սպասվող դաշտանի օրերին: Թեստը հիմնված է հղիության հորմոնը՝ խորիոնալ հոնադոտրոպինը, որոշելու վրա: Թեստը դրական է, եթե, մեզի հետ շփվելով, ցույց է տալիս երկու գծիկ, ինչը խոսում է հղիության առկայության մասին:

 

Ավելի վստահելի մեթոդ է արյան միջոցով որոշակի հորմոնների որոշումը: Ներկայիս սոնոապարատները թույլ են տալիս ախտորոշել հղիությունը 2,5 — 3 շաբաթական ժամկետներում, ցանկալի է հեշտոցային մուտքով: Սոնոգրաֆիկ հետազոտության ամենակարևոր նշանակությունն այն է, որ ախտորոշվի արգանդային հղիություն, քանի որ լաբորատոր և թեստային քննությունները լինում են դրական նաև արտարգանդային հղիության ժամանակ, երբ բեղմնավորված պտղաձուն արգանդափողից չի տեղափոխվում արգանդ:

 

Կուջոյան Լիլիթ

Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ,

գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու