Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հղիությունը կնոջ կյանքի կարևոր և պատասխանատու ժամանակահատվածներից մեկն է: Հետևաբար` այդ երջանիկ իրադարձությանը պետք է պատրաստվել և' հոգեպես, և' ֆիզիկապես, այսինքն` կինն առաջին հերթին պետք է առողջ լինի:
Հղիությանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների:
1. Զույգերը պետք է հրաժարվեն վնասակար սովորություններից: Առողջ սերմնաբջիջներ ունենալու համար տղամարդը երեք ամսով պետք է հրաժարվի ծխախոտից, խմիչքից, սաունաներից, ծանր ֆիզիկական ակտիվությունից: Նույնը պետք է անի կինը, որը պատրաստվում է բեղմնավորմանը, հղիությանը և կրծքով կերակրմանը:
2.Անհրաժեշտ է բացառել քրոնիկական հիվանդությունների առկայությունը / հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, վահանագեղձի հիվանդություններ, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ և այլն/: Օրինակ` ԱՀԿ տվյալներով` աշխարհում 20 միլիոն մարդ ունեն մտավոր թերզարգացում յոդի դեֆիցիտի հետևանքով, ինչը կարելի է կանխել` հղի կնոջը յոդի բավարար քանակով ապահովելով` 150 մկգ յոդ պարունակող պրեպարատի ընդունումը հղիության պլանավորման ժամանակ, իսկ 200 մկգ` հղիության ընթացքում, կանխում է վիժումների, կրելախախտերի առաջացումը, ինչպես նաև ներարգանդային արատների և նորածնի մտավոր թերզարգացման առաջացման վտանգը:
3. Անհրաժեշտ է ստանալ ընդհանուր թերապևտիկ խորհրդատվություն` համակցված մի քանի հետազոտությունով՝ արյան և մեզի ընդհանուր քննություն, զարկերակային ճնշման չափում, թոքերի ռենտգեն հետազոտություն, գերձայնային հետազոտություն և այլն:
4. Անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի, քանի որ բերանի հիվանդ խոռոչը ինֆեկցիայի աղբյուր է մոր և պտղի համար:
5. Ամուսնական զույգը պետք է հետազոտվի սեռավարակների /միկոպլազմոզ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, հերպես-վիրուս, ցիտոմեգալովիրուս, սիֆիլիս, գոնոռեա, տրիխոմոնիազ, ՁԻԱՀ/ հարուցիչների հայտնաբերման համար: Այդ հիվանդությունները հաճախ հանգեցնում են անպտղության, պտղի զարգացման արատների, հղիության կրելախախտի, արհեստական վիժումների: Նման վարակների հետեւանքով առաջացած բորբոքումները հաճախ ընթանում են անախտանիշ, հետևաբար` կինը կարող է չիմանալ սեռավարակի առկայության մասին: Հարուցիչները կարող են հայտնաբերվել և' իմունոֆերմենտատիվ, և' ՊՇՌ մեթոդներով: Զուգընկերները պետք է բուժվեն զուգահեռ, որից հետո նոր պլանավորվի հղիությունը:
6. Եթե կինը անամնեզում նշում է աբորտներ և տարած տարբեր գինեկոլոգիական բորբոքային հիվանդություններ, ինչպես նաև կրած սեռավարակներ, ապա անհրաժեշտ է ստուգել արգանդափողերի անցանելիությունը, քանի որ հնարավոր է և' անպտղության փողային գործոնի, և' արտարգանդային հղիության վտանգը:
7. Կինը պետք է հետազոտվի կարմրախտի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման փաստով: Եթե հակամարմիններ չեն հայտնաբերվում, անհրաժեշտ է պատվաստվել կարմրախտի նկատմամբ` պտուղը ներարգանդային արատներից պաշտպանելու համար: Եթե կինը համոզված է, որ մանկական տարիքում տարել է կարմրախտ, ապա հետազոտման կարիքը չկա, քանի որ կարմրախտի նկատմամբ ձևավորվել է կայուն իմունիտետ:
8. Անհրաժեշտ է հետազոտվել տոքսոպլազմոզի նկատմամբ, որի հարուցիչը փոխանցվում է տնային կենդանիներից: Տոքսոպլազմոզը առաջացնում է ծանր ներարգանդային արատներ: Եթե հակամարմիններ տոքսոպլազմոզի նկատմամբ չեն հայտնաբերվել, ապա մինչ հղիանալը և հղիության ամբողջ ընթացքում անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների` չշփվել տնային կենդանիների հետ, մանրակրկիտ լվանալ ձեռքերը օրը մի քանի անգամ, հատկապես` ճաշից առաջ, չօգտագործել հում և վատ եփված մսամթերք:
9.Եթե կինը կիրառում է որևէ հորմոնալ հակաբեղմնավորիչ միջոց, ապա պետք է ընդհատել դրանց ընդունումը նախատեսված հղիությունից 3 ամիս առաջ, իսկ ներարգանդային պարույրը պետք է հեռացնել կես տարի առաջ: Այս ամենից հետո մեկ-երկու ամիս պետք է պաշտպանվել պահպանակների միջոցով /կնոջ օրգանիզմը «հանգստացնել» հորմոններից կամ ՆԱՊ-ից/, որից հետո հղիանալ:
10. Անհրաժեշտ է հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների հետազոտությունը, որոնք վաղ կրելախախտի ռիսկի գործոններ են:
11. Անկանոն դաշտանային ցիկլի, մազակալման, քաշի ավելացման և մաշկի ճարպոտության պարագայում պետք է կատարել հորմոնային հետազոտություն դաշտանային ցիկլի 2-5-րդ օրերը (ԼՀ, ՖԽՀ, էստրադիոլ, պրոլակտին, ԹԹՀ, ազատ Т4, 17-օքսիպրոգեստերոն, ԴՀԷԱ-Ս, տեստոստերոն), իսկ պրոգեստերոնը` դաշտանային ցիկլի երկրորդ կեսում: Հորմոնների մակարդակների շեղումները նորմայից կարող են հանգեցնել տարբեր հորմոնալ հիվանդությունների, որոնք նպաստում են վիժմանը կամ անպտղությանը:
12. Կարելի է հղիանալուց 3-4 ամիս առաջ ընդունել պոլիվիտամիններ /հատկապես` ֆոլաթթու պարունակող/, որոնք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում են ներարգանդային արատների ձևավորումը:
13. Անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ: Առավոտյան պետք է կատարել նախավարժանք որովայնի և գոտկատեղի մկանների ամրապնդման համար, ինչը նպաստում է ծննդաբերական գործընթացի հեշտացմանը: Պետք է հաճախ զբոսնել մաքուր օդում, շատ ուտել միրգ և բանջարեղեն, խուսափել սթրեսներից, շրջապատվել «դրական էներգետիկա» ունեցող մարդկանցով և իրերով:
Բոլոր կանանց մաղթում ենք ցանկալի, «գրագետ պլանավորած» հղիություն՝ առողջ բալիկի ծննդյան ավարտով:
Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ,
գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու