Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալական Il Foglio թերթը զգայացունց մանրամասներ է հրապարակել քաղաքական Օլիմպոսի երկու արդեն ոչ երիտասարդ անձանց բեռլինյան սիրավեպի մասին: Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ` Մեհրիբանի մասին է: Հրապարակման հեղինակները, հղում անելով Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրներին, պնդում են, թե Ադրբեջանի առաջին տիկինը հաճախ է մեկնում Բեռլին` Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոյի հետ ռոմանտիկ հանդիպումների:
Ադրբեջանում այդ լուրերը հերյուրանք են համարում եւ մտածում են, որ դա Հայաստանի ձեռքի գործն է, որը դժգոհ է Բաքվի ու Մինսկի ռազմատեխնիկական համագործակցությունից:
Ըստ երկրորդ վարկածի` վրեժխնդիր է եղել «Գազպրոմը». 2010-ին Ի.Ալիեւը 200 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Մինսկին` ռուսական գազի մենատիրոջ պարտքերը մարելու համար: Հոդվածին կարող էին ծնունդ տալ բազմաթիվ պատճառներ` սկսած WikiLeaks-ում Իլհամ Ալիեւի կողմից Մեդվեդեւի ու Պուտինի հասցեին արված քննադատական արտահայտություններից, վերջացրած հայկական լոբբի «բամբասանքով»:
Մինչ բաքվեցիները ենթադրություններ էին անում, բրիտանական «Գարդիանը», օգտվելով WikiLeaks-ում ներկայացված մի փաստաթղթից, հոդված տպագրեց, որը պատմում է Ադրբեջանի առաջին տիկնոջ ընտանիքի (Փաշաեւների) մասին, որն ամենաազդեցիկն է երկրում. ակտիվներ ունի շինարարական սեկտորում, անշարժ գույքի, ֆինանսական եւ հեռուստահաղորդակցություների ոլորտներում: Փաստաթղթում ասվում է, որ ընտանիքը «պետական մեխանիզմներն» օգտագործում է` բիզնեսում իր մրցակիցների դեմ պայքարելու համար: Վերահսկում է մի շարք նախարարություններ, ներառյալ` մշակույթի եւ զբոսաշրջության, երիտասարդության եւ սպորտի, առողջապահության եւ կրթության նախարարությունները, որոնք տնօրինում է առաջին տիկինը:
Փաստաթղթում ասվում է նաեւ, որ Մեհրիբանը, լինելով պատգամավոր, երբեւէ խորհրդարանում չի լինում, «քիչ բան գիտի քաղաքական հարցերի մասին», իսկ պլաստիկ վիրահատություն տարած դեմքն այլեւս ունակ չէ արտահայտելու «զգացմունքների ամբողջ ներկապնակը»:
Առաջին տիկինների կամ պետության առաջին դեմքերի ընտանիքի անդամների շուրջ սկանդալային պատմությունները վաղուց արդեն ցնցող չեն:
WikiLeaks-ը, սակայն, դանդաղ գործողության ականներ է դնում, որոնք գրեթե միշտ անվրեպ են գործում: Տեսնես հիմա ո՞ւմ հերթն է:
Երեկ Il Foglio-ն իր խմբագրականում ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան խանում Ալիեւայից...