Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետական գնումների ոլորտում քիչ չեն միջնորդավորված գնումների դեպքերը: Ինչ է դա նշանակում. սովորաբար, պետական գնումներում լավագույն ու ամենաանվտանգ օրինակ է համարվում, երբ ինչ-որ ապրանքի կամ ծառայության գնումն իրականացվում է տվյալ ապրանքի արտադրողից կամ ներմուծողից, այլ ոչ վերավաճառողից: Այսինքն' վերավաճառողի կողմից ավելացված գումարն ուղղակի դուրս է գալիս տվյալ ապրանքի կամ ծառայության գնից, ու տնտեսվում են պետական միջոցները:
Պետական որևէ հիմնարկի կարիքների համար գնումներ կատարելու առիթից օգտվելով` ինչ-որ անձ, որն, իհարկե, հնարավորություն ունի այդ մարմնի գնումների գործընթացի վրա ինչ-որ կերպ ազդելու, ձևականորեն ստեղծում է ինչ-որ ընկերություն ու արտադրողից կամ ներմուծողից այդ ընկերության միջոցով գնում համապատասխան ապրանքը կամ ծառայությունը, հետո այն ավելի բարձր գնով վերավաճառում տվյալ պետական մարմնին: Այս դեպքում, իհարկե, չի կարելի միջնորդավորված բոլոր գնումները համարել թերություն, խախտում կամ ապօրինությւոն, սակայն այստեղ ռիսկեր չտեսնել, ուղղակի անհնար է:
2013 թվականին գնումների ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ՎՊ-ն միջնորդավորված գնումների բազմաթիվ ուշագրավ օրինակներ է արձանագրել:
ՎՊ' 2013 թվականի հաշվետվությունում նշվում է, որ եղել են դեպքեր, երբ տվյալ ապրանք ներմուծողը կամ արտադրողը մասնակցել է համապատասխան մրցույթին և, իբրև ավելի բարձր գնային առաջարկ ներկայացնող, հաղթող չի ճանաչվել: Արդյունքում` որևէ միջնորդ կազմակերպություն հաղթող է ճանաչվում և հետագայում այդ ապրանքը նախապես ձեռք բերում այդ նույն ներմուծողից կամ արտադրողից, հետո մատակարարում համապատասխան գերատեսչությանը:
«Որոշ միջնորդ կազմակերպություններ նույնիսկ այնքան են «ՄԱՍՆԱԳԻՏԱՑԵԼ» պետական գնումներում, որ մասնակցում և հաղթում են միմյանցից բացարձակապես տարբերվող ոլորտներում կազմակերպվող մրցույթներում: Մատակարարում են միմյանցից ծայրահեղ տարբերվող ապրանքատեսակներ: Այդ ամենը հանգեցնում է ապրանքի ավելորդ թանկացմանն ու պետական ծախսերի ցածր արդյունավետությանը»,- նշվում է ՎՊ հաշվետվությունում:
Նմանատիպ մի շարք դեպքեր են նշվում ՎՊ-ի կողմից: Օրինակ' անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով 2012 և 2013 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր, սակայն, քանի որ տվյալ ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ, իր հերթին, պահանջված ինքնաթիռի/ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ: Պարզվել է նաև, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է, իսկ ընկերության աշխատակիցների մի մասը' նրանք, ովքեր ընդունվել են աշխատանքի միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար, նույն «Արմ Աէրո» ՓԲԸ-ի աշխատակիցներ են, եւ եթե նախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսվեր 45 միլիոն 510.0 հազ. դրամ:
Մեկ այլ ուշագրավ օրինակ' պաշտպանության նախարարությունը շաքարավազ գնելու համար «Դանինի» ընկերության հետ կնքել է պայմանագիր' 394 միլիոն 838.1 հազար դրամ արժեքով` մեկ կգ' 370 դրամ գնով: Սակայն «Դանինի» ընկերությունը շաքարավազ արտադրող կամ ներմուծող չէ և այն գնել է ներմուծող «Ալեքս Գրիգ» -ից` մեկ կգ-ը' 360 դրամով: Անմիջապես ներմուծողից շաքարավազը գնելու դեպքում կտնտեսվեր 9 միլիոն 781.6 հազար դրամ:
Նույն «Դանինի» ընկերության հետ ՊՆ-ն կնքել է կերակրի աղ գնելու պայմանագիր' 30 միլիոն 302.4 հազար դրամ արժեքով` մեկ կգ աղը` 120 դրամ գնով: Սակայն «Դանինի» ընկերությունը կերակրի աղ արտադրող կամ ներմուծող չէ և այն գնել է արտադրող' «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ից` մեկ կգ' 114 դրամով: Արտադրողից գնում կատարելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 1 միլիոն 515.1 հազար դրամ:
Մեկ այլ օրինակ` կրթության և գիտության նախարարության «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների կողմից իրականացված` սննդամթերքի գնումների ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզվել է, որ սնունդը հիմնականում մատակարարել են «Տիսա» ՓԲԸ-ն և «Դանինի» ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են 520 միլիոն 392.1 հազար դրամի պայմանագրեր: Դրանք, սակայն, մատակարարված սննդամթերքի ներմուծող կամ արտադրող չեն:
Ուրիշ օրինակ' արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Դանինի» ՍՊԸ -ի միջև կնքված պայմանագրով նախատեսվել է 140 միլիոն 448 հազար դրամ գումարային արժեքով 88 տոննա մսի պահածոյի գնում'1 կգ-ը` 1596 դրամ գնով: Այստեղ ուշագրավն այն է, որ գնման մրցույթին մասնակցել են «Դանինի» ՍՊԸ-ն, որը մսի պահածո արտադրող չէ և «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ն, որը մսի պահածո արտադրող է: Բայց մրցույթի ժամանակ առաջին ընկերությունը 1 կգ մսի պահածոն առաջարկել է 1596 դրամով, իսկ արտադրողը' 54 դրամով ավելի թանկ' 1650 դրամով: Բնականաբար, հաղթող է ճանաչվել ավելի էժան գին առաջարկողը' «Դանինի» ՍՊԸ-ն: Սակայն ՎՊ վերահսկողության արդյունքում պարզվել է, որ մրցույթում հաղթած «Դանինի» ընկերությունը մսի պահածոն հետագայում գնել է մրցույթում պարտված արտադրողից' «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ից' մեկ կիլոգրամը 1420 դրամով: Այստեղ բոլոր խոսքերն ավելորդ են: Արժե միայն նշել, որ մատակարարի կողմից ձեռք բերված մեկ կիլոգրամ մսի պահածոյի գնման գնի և մատակարարման գնի տարբերությունը ամբողջ քանակի համար կազմում է 15 միլիոն 488 հազար դրամ: