կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 14:37
Առանց Կատեգորիա

Ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը

Ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը

Երեկվանից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրեն ունի` Անդրանիկ Արզումանյանը:

 

Օպերայի նոր տնօրենի անուն-ազգանունը լսելիս առաջին հերթին հարց է առաջանում` ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը: Ծանոթ անուն չէ՞, ոչինչ, փորձենք փնտրել այն որոնողական համակարգում: Դժբախտաբար, որոնողական համակարգն էլ չի օգնում` Անդրանիկ Արզումանյանի հետ կապված միայն վերջին երկու օրերի լուրերն է բերում:

 

«Հայաստանում չեմ ապրել, բայց տեղյակ եմ օպերայի անցուդարձին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր Արզումանյանը թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի օրը:

 

Մի քիչ դժվար է պատկերացնել, թե օպերայի թատրոնի հետ առհասարակ կապ չունեցող, արվեստի հետ առնչվող որևէ կրթություն չունեցող, Հայաստանում չապրած մարդը որքանո՞վ է տեղյակ թատրոնի անցուդարձին այն դեպքում, երբ անգամ թատրոնի մենակատարներից շատերը գլուխ չէին հանում վերջին խժդժություններից:

 

Օպերայի թատրոնի տնօրենի ընտրությունը շատ «անհարմար» ժամանակ եղավ` մրցույթի նախորդ օրը ՀՀ վարչապետը հրաժարական տվեց, և օպերայի տնօրենի ընտրությունը երկրորդ պլան մղվեց: Բայց վարչապետերը կուգան ու կերթան, մնացողը` օպերայի թատրոնն է լինելու:

 

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մշակույթի նախարարը չտեսնված մի քաղաքականություն է որդեգրել` գրեթե նույնը, ինչ սփյուռքի նախարարը, գրեթե «Արի տուն», ուղղակի «Արի տուն»` պաշտոնի դիմաց: Ողջունելի է ՀՀ մշակույթի նախարարի նախաձեռնությունը` հայերին հայրենիք վերադարձնելու, ուղղակի մի տեսակ մտահոգվում եմ` տեսնես` այդքան պաշտոն ունե՞նք, որ բոլորին հետ կանչենք:

 

Երբ շաբաթներ առաջ Շուշան Պետրոսյանը մշակույթի նախարարին հարց ուղղեց, թե` ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու թատրոնի տնօրենի ընտրության հարցում, նախարարը, կարծես, նեղացավ. «Օպերայի հարցում խնդրում եմ մենք մի քիչ զգույշ լինենք, հանգիստ լինենք: Վստահեցնում եմ, որ բաց, թափանցիկ մրցույթ է լինելու և հարցեր չեն առաջանալու, թե ո՞ւմ ընտրեցին, ինչպե՞ս ընտրեցին»:

 

Տիկի'ն նախարար, սխալվում եք, այսօր բոլորն են հարցնում` ո՞ւմ ընտրեցին, տեսնես` այդ ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը: Հորդորում էիք` օպերայի հարցում զգույշ ու հանգիստ լինենք, իսկ ո՞ւր էր Ձեր զգուշությունը Անդրանիկ Արզումանյանին տնօրեն նշանակելիս, հիմա Ձեզ հանգի՞ստ եք զգում:

 

Այնուամենայնիվ, անդրադառնալով հարցին, թե ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը, դեռ ընդամենը մեկ փաստ կարող ենք ասել` Անդրանիկ Արզումանյանը Արմեն Սմբատյանի ծանոթն է:

 

Պարո'ն Արզումանյան, լիահույս ենք, որ շուտով Ձեր կենսագրությունը մի փոքր ավելի կհարստացվի: Անհամբեր սպասում ենք նաև Ձեր դիրքորոշմանը` օպերայի թատրոնում ընթացող բազմաթիվ ստորագրահավաքների հետ կապված` արդյոք Դո՞ւք էլ գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին, ում փորձով դրսում ուղղակի հպարտանում են, «ոչ պրոֆեսիոնալ» կհամարեք, թե՞ վերջ կտաք օպերայի թատրոնին ոչ հարիր կոլխոզային շարժումներին:

 

Պարո'ն Արզումանյան, կներեք, որ Ձեզ այսպես ենք դիմավորում Հայաստանում, ուղղակի մենք մեղավոր չենք, որ Ձեզ չենք ճանաչում, իսկ օպերայի թատրոնը մեզ համար շատ թանկ է, առավել թանկ, քան ցանկացած ծանոթություն, նշանակում, հրաման կամ խոստում: Բարի երթ Ձեզ, հուսանք, ինչպես նախարարն էր ասել, զգույշ, բայց ոչ հանգիստ կլինեք օպերայի հարցում:

 

Կարինե Հարությունյան