Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 14:54
Առանց Կատեգորիա

«Մավրը» հեռացավ. նոր վարչապետին սպասելիս

«Մավրը» հեռացավ. նոր վարչապետին սպասելիս

Որքան էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ է թվում, իրականում այն Հայաստանում ամենասպասված իրադարձություններից մեկն էր: Բոլորը` թե' քաղաքական ուժերը, թե' շարքային քաղաքացիները և թե' նույնիսկ իշխանությունն իր բազմաթիվ ներքին խմբավորումներով հասկանում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվի, որ այս տեմպերով, հակաարդյունքներով, կառավարման այս փիլիսոփայությամբ շարժվել այլև հնարավոր չէ:

 

Տիգրան Սարգսյանի հեռացման հետաձգումն ընդամենը ընդգծում էր համահասարակական այդ սպասման նկատմամբ իշխանության ադեկվատության բացակայությունը, պնդաճակատությունը, խորացնում իշխանության և հասարակության միջև առկա անդունդը: Այս իմաստով` Տիգրան Սարգսյանի հրաժարականի համար առկա էին բոլոր օբյեկտիվ պայմաններն ու նախադրյալները` սկսած սոցիալ-տնտեսական, վերջացրած արտաքին և ներքին քաղաքական գործոններով:

 

Նախ` Տիգրան Սարգսյանի կառավարությունը չէր կատարել նախագահի` նախորդ տարի 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու հանձնարարականը: Այս կառավարությունը դատապարտված էր տապալելու նաև ընթացիկ տարվա համար սահմանված ցուցանիշները, որի մասին էին վկայում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցածր հարկային հավաքագրումները` այն դեպքում, երբ նախատեսված է հուլիսից աշխատավարձերը բարձրացնել 40-60 տոկոսով, ինչպես նաև արտաքին ներդրումների նվազումը` ավելի քան 20 տոկոսով:

 

Երկրորդ` բացառությամբ իր փոքրաթիվ համախոհների, Տիգրան Սարգսյանը պաշտոնավարման անցած 6 տարիներին այդպես էլ չկարողացավ դառնալ քաղաքական ուժեղ ֆիգուր և ուժեղացնել իր ազդեցությունը իշխանական համակարգում` այդպես էլ մինչև վերջ մնալով օտար յուրայինների մեջ: Նրա և նրա կաբինետի ձախողված գործունեության համար հարազատ ՀՀԿ-ն պատասխանատվություն էր կրում այնքանով, որքանով Տիգրան Սարգսյանին շարունակում էր վստահել ու հավատալ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներիշխանական խմբավորումներն իրականում շահագրգռված էին Սարգսյանի տապալմամբ, անփառունակ հեռացմամբ և հիմա մյուսներից պակաս չեն հրճվում:

 

Երրորդ` Տիգրան Սարգսյանն այդպես էլ չկարողացավ տեղավորվել նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի կամ ավելի ճիշտ նախագահ Սարգսյանի որդեգրած արտաքին քաղաքական նոր կուրսի շրջանակում և, չնայած անհաջող փորձերին, չէր կարողանում թաքցնել իր ներքին անհամաձայնությունը Մաքսային միություն մտնելու որոշման նկատմամբ: Դա պարզորոշ դրսևորվեց հատկապես վերջերս` ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում վարչապետի ելույթում, որտեղ նա ավելի շատ խոսում էր ՄՄ մտնելու ռիսկերի, մարտահրավերների, քան առավելությունների մասին: Այս իրողությունը չէր կարող չնկատվել Ռուսաստանում, որտեղ ի գիտություն էին ընդունել ավելի վաղ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությունը` Հայաստանի` ՄՄ մտնելու տնտեսական վնասների և անհնարինության մասին: Քանի դեռ նախագահի հանձնարարականով Տիգրան Սարգսյանը կարողանում էր կազմակերպել Հայաստանի` ՄՄ-ին միանալու համար անհրաժեշտ պրոցեդուրաները և իր ջանասիրությամբ զարմացնում նույնիսկ Կրեմլին, նրան կարող էին հանդուրժել: Բայց այդ աշխատանքների հիմնական մասն արդեն արված է, և «մավրը», որն արել էր իր գործը, պետք է, թերևս, հեռանար: Չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հիմքում արտաքի քաղաքական գործոնը եղել է ամենավճռորոշներից մեկը:

 

Իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ հրաժարականը հայաստանյան չորս ոչ իշխանական ուժերի` վերջին շրջանի ակտիվ մոբիլիզացիոն գործունեության ազդեցության հետևանք էր, նախագահի կողմից ստիպված քայլ` թույլ չտալու համար ներքաղաքական ապակայունություն: Այս պահին հնարավոր չէ ասել, թե իսկապես ինչ դերակատարություն է ունեցել այդ գործոնը: Բայց փաստ է, որ, հենց այս պահին ընդունելով Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Սերժ Սարգսյանն ամբողջությամբ խառնեց չորս ուժերի հաշվարկները, մարտավարությունը: Վարչապետին նախագահը «զոհաբերեց» ավելի շուտ, քան նախատեսել էր քառյակը, այն էլ` իր նախաձեռնությամբ, այլ ոչ թե ապրիլի 28-ին նախատեսված` կառավարությանն անվստահություն հայտնելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և դա եռօրյա պերմանենտ հանրահավաքներով ուղեկցելու ազդեցությամբ:

 

Այդ ամենն անելու հիմքերը նախագահը, փաստորեն, վերացրեց` վարչապետի հրաժարականն ընդունելով, և հիմա ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը» ստիպում է կա'մ շփոթված հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և իր որոշումներին, կա'մ շուտափույթ արմատական փոփոխությունների ենթարկել արդեն գործադրված մարտավարությունը` մի իրավիճակում, երբ ամենագլխավոր` վարչապետին հեռացնելուց հետո հետագա գործողությունների, նոր վարչապետի այլընտրանքային թեկնածուի, կոնսենսուսային ծրագրի մշակման հարցերում վերջնական համաձայնություններ ձեռք բերված չէին:

 

Թե որքանով էր սա քառյակի կողմից թելադրվող ներքաղաքական զարգացումները կանխարգելելուն ուղղված ձիու քայլ, պարզ կդառնա առաջիկա տասը օրերի ընթացքում տրվելիք երկու հիմնական հարցի պատասխանից: Առաջին` արդյոք նախագահը կմտնի՞ բանակցությունների մեջ այդ չորս ուժերի հետ` այսպես կոչված, ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու և միասնական օրակարգով հանդես գալու նպատակով: Երկրորդ` արդյոք նա կընդունի՞ վարչապետին քաղաքական փոխզիջումների արդյունքում նշանակելու պահանջը, ինչը ենթադրում է, որ նոր վարչապետը ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը չեն ներկայացնելու: Սրանք, սակայն, ընդամենը խոսում են քաղաքական հնարավոր կոնֆիգուրացիաների մասին: Մինչդեռ ամենակարևոր հարցը կառավարության բնույթը և վարչապետի ով լինելը չէ, այլ ստեղծված հնարավորությունը այնպիսի համակարգային փոփոխությունների նախադրյալ դարձնելը, որոնց արդյունքները հետագայում պետք է զգա պետությունը, հասարակությունը և, ի վերջո, շարքային յուրաքանչյուր քաղաքացի` իր մաշկի վրա:

 

Եթե խնդիրն այսպես չդրվի, ցանկացած նոր վարչապետ, նոր կառավարություն ընդամենը լինելու են գործող և նեխած համակարգի սպասարկումը, դրա անխափան գործունեությունն ապահովող պտուտակներ: Սա քաղաքական կամք և հանդուրժողականության բավարար գիտակցում է պահանջում, որի նշանները անպարտելիության իր կոմպլեքսներին ներկայումս տուրք տվող գործող իշխանության մոտ դեռ նկատելի չեն:

 

Գևորգ Աղաբաբյան